Կալանավորվել են «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց իրացրած անձինք
15:48 - 28 դեկտեմբերի, 2021

Կալանավորվել են «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց իրացրած անձինք

ՔՈ ծառայողները դեկտեմբերի 17-ին մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի 29 շենքի մոտից, փաթեթով թմրամիջոցը ձեռք բերելու պահին, բռնել և Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 35-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

«ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանում բնակվող երեք երիտասարդ զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Մասնավորապես, նրանք ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրում են տարբեր վայրերում, և «Տելեգրամ» հավելվածում բացված «Նարկոդիսպանսեր», «Նարկոլոգ», «Լյուսի» և «Պրոֆեսսոր» էջերի միջոցով վաճառում են տարբեր անձանց։

Դեկտեմբերի 17-ին Երևանի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել վերը նշված տելեգրամյան էջերի միջոցով թմրամիջոցներ իրացնող երեք երիտասարդը, որոնք ձերբակալվել են։ Նրանցից մեկի խուզարկությամբ երկու փաթեթ մեթամֆետամին է հայտնաբերվել։

Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկել են թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով բերման ենթարկված երիտասարդներից մեկի բնակության վայրը՝ հայտնաբերելով տարբեր քաշով մեթամֆետամին, մարիխուանա, էլեկտրական կշեռք, թմրամիջոցները փաթեթավորելու համար նախատեսված ստվարաթղթեր, կպչուն ժապավեն և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձերբակալված երիտասարդներից երկուսը կալանավորվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել