Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նորովի ուժով կհաղթահարեն բոլոր դժվարությունները. «Հայաստան» հիմնադրամի ուղերձը
16:10 - 31 դեկտեմբերի, 2021

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նորովի ուժով կհաղթահարեն բոլոր դժվարությունները. «Հայաստան» հիմնադրամի ուղերձը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են մարդկային մեկ ժպիտ, հույս ու ապագային նորովի նայելու հնարավորություն տվող հիմնադրամի ծրագրերին:

«Վերջին երկու տարիներն իրապես բարդ էին՝ բոլոր առումներով: Առ այսօր շարունակվող համավարակը դեռ չհաղթահարած՝ մեկ տարի առաջ նրան հետևեց պատերազմն իր ծանր հետևանքներով: Արդյունքում բախվեցինք ցավալի իրականությանը՝ հոգեպես և ֆիզիկապես վիրավորված զինվորներ, անօթևան մնացած արցախցիներ, ավերված ենթակառուցվածքներով Արցախ, սոցիալապես անկում ապրած սահմանային համայնքներ` իրենց խնդիրներով (ոռոգման ջուր, արոտավայրերի կորուստ, տնտեսական անկում):

Սակայն, օր առաջ համախմբվելով այս մարտահրավերների հաղթահարման շուրջ, Հայաստան-Սփյուռք կառուցողական սերտ համագործակցության շնորհիվ, COVID-19-ի և պատերազմի բռնկման առաջին օրերից մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին թե՛ համավարակը մեղմելու և թե՛ հետպատերազմյա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:
 
Միասնական գործելու արդյունքում, հարյուրավոր զինվորներ, իրենց վերագտնելով, վերադարձան բնականոն կյանք, Արցախում կառուցվող բազմաբնակարան շենքերի, առանձնատների, կրթօջախների ու ռազմավարական ճանապարհների շնորհիվ արցախցիները նոր կյանք են սկսում՝ ապագայի հույսով։
 
Սյունիքի և Տավուշի բազմաթիվ համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ սահմանային բնակավայրերի մեր հայրենակիցներն էլ ավելի ամուր կկանգնեն իրենց հողում, իսկ Գյումրիի բնակարանային լայնածվալ ծրագիրը հնարավորություն կտա սոցիալապես անապահովներին փոխել իրենց կյանքի որակն ու բարեկեցիկ կյանք սկսել: Հիմնադրամի մեծածավալ պարբերական ֆինանսական աջակցության շնորհիվ ամոքվում են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում հայտնված լիբանանահայության խնդիրները։
 
Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը կամրջվելով միասնական նպատակների շուրջ՝ նորովի ուժով կհաղթահարեն բոլոր դժվարությունները: Կարևորը՝ այսօր ընթացող այս կենսական նշանակության ծրագրերի շարունակականության ու նոր ծրագրերի մեկնարկի ապահովումն է:
 
Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցել են մարդկային մեկ ժպիտ, հույս ու ապագային նորովի նայելու հնարավորություն տվող հիմնադրամի ծրագրերին»,- ասվում է հիմնադրամի ուղերձում:
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել