Խառնաշփոթ իրավիճակ է, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի․ Դավիթ Շահնազարյանը՝ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին
17:26 - 11 հունվարի, 2022

Խառնաշփոթ իրավիճակ է, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի․ Դավիթ Շահնազարյանը՝ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին

Անհասկանալի, խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի։ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետով ստեղծված իրավիճակի վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

Շահնազարյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 5-ին Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երեք քաղաքական ուժ էր մասնակցում՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․

«Ընտրությունների արդյունքում ձևավորվեց մի իրավիճակ, որտեղ 10 մանդատ ստացավ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, նախնական արդյունքներով 5 մանդատ ստացավ «Միասնական Վարդենիս» դաշինքը, և 12 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կասկածելի վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքի մեկ մանդատը պակասեցվեց և «Միասնական Վարդենիս» դաշինքը ունեցավ 4 մանդատ։ Իհարկե, կասկածելի եմ ասում այն պատճառով, որ այստեղ մեկ մանդատը արժեցավ ընդամենը մեկ քվե, և այս մեկ քվեն որոշիչ եղավ, այդ իսկ պատճառով մեր մանդատների թիվը մեկով պակասեց»։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովներին դիմելուց հետո նաև վարչական դատարան են դիմել․ «Վարչական դատարանը վճիռ կայացրեց և անփոփոխ թողնվեց ընտրական հանձնաժողովի արդյունքները, ինչը, մեր կարծիքով, իրավաչափ  չէր, որովհետև հայերեն «բ» տառը, չգիտես ինչու, նմանեցվեց լատինական V տառին և վավեր համարվեց համապատասխան քվեաթերթիկները, այսինքն՝ ակնհայտ շեղումով քվեաթերթիկները, որոնք անվավեր պետք է ճանաչվեին, վավեր ճանաչվեցին, և որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Մեր դաշինքի առաջատարին՝ Արամ Հարությունյանին, ինչպես հայտնի է, կանչեցին քննչական բաժանմունք, ձերբակալեցին, այնուհետև ենթարկեցին երկամսյա կալանքի, ինչը մեր տեսակետից խիստ քաղաքական որոշում էր, որովհետև եթե այն տեղավորովում է քրեական իրավունքի դաշտում, ապա մարդը քրեական դատավարության տեսակետից տարիներ շարունակ որևէ ուշադրության չարժանացավ, և այդ անհրաժեշտությունը առաջացավ այն դեպքում, երբ նա հրաժարվեց կոալիցիոն հուշագիր ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, և սրանից հետո անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրան ձերբակալեն»։

Նրա խոսքով՝ բոլոր որոշումները, որոնք կայացվել են, խիստ քաղաքական որոշումներ են և չեն տեղավորվում իրավական հարթության մեջ․ «Բոլորդ էլ ականատես եղաք Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստին, որտեղ երկու խմբակցությունների ավագանիներին դուրս բերեցին ավագանիների նիստերի դահլիճից, աննախադեպ մի երևույթ, որը երբիցե ՀՀ պատմության մեջ տեղի չէր ունեցել, և այս ամենով հանդերձ դեռ որևէ բան ավարտված չէ, անհասկանալի մի խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի։ Մենք ակնկալում ենք իրավաչափ և իրավական լուծումներ, և ակնկալում ենք, որ այս հարցը ի վերջո իրավական հարթության մեջ իր ճիշտ և համապատասխան գնահատականը կստանա»։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն  Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքում 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին  ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։ Վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսից» մեկ մանդատ տրվել է  ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ։

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին տեղի էր ունեցել Վարդենիսի ավագանու առաջին նիստը, որտեղ ընդդիմադիր խմբակցությունները համայնքապետ էին ընտրել Ահարոն Խաչատրյանին։ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը, սակայն, հայտարարել էր, որ դիմելու են վարչական դատարան՝ պահանջելով ավագանու այդ նիստը չեղյալ համարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել