Տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև այս տարվա հուլիս. ԲՏԱ
11:21 - 22 հունվարի, 2022

Տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև այս տարվա հուլիս. ԲՏԱ

Անցած տարվա նոյեմբերին՝ ԱԺ-ում 2022 թ․-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հայտնել էր, որ մինչև տարեվերջ մշակելու են տիեզերական գործունեության ռազմավարություն․ «Մենք այս տարի սկսում ենք զբաղվել տիեզերական գործունեությամբ,  և այն օրենքը («Տիեզերական գործունեության մասին» օրենքը, խմբ․), որ ընդունվել է անցյալ տարի Ազգային ժողովի կողմից, այդ օրենքի պահանջներից մեկը այն էր, որ մենք պետք է մինչև տարվա վերջ ունենանք տիեզերական գործունեության ռազմավարություն»։

Infocom-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետաքրքրվել է՝ պատրա՞ստ է, արդյոք, նշյալ ռազմավարությունը։

Ըստ նախարարության՝ տիեզերական գործունեության ոլորտի համապարփակ ռազմավարությունը ծրագրված է մշակել մինչև 2022 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը. «2021 թվականին ավարտվել է ռազմավարության մշակման առաջին փուլը և ներկայում նախարարությունը լրամշակում է ռազմավարության իրագործման միջոցառումների ծրագիրը։ Մինչև 2022 թ․-ի առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կշրջանառվի ՀՀ շահագրգիռ գերատեսչություններում և, հնարավոր փոփոխություններից հետո, համաձայն համապատասխան կարգի՝ կներկայացվի հանրային քննարկման»։

Ըստ ԲՏԱ նախարարության՝ ռազմավարության նպատակն է, հաշվի առնելով առկա կարողությունները և ոլորտի ակտիվ զարգացման ու առևտրայնացման միջազգային միտումները, ՀՀ-ում զարգացնել տիեզերական գործունեության բնագավառը, նպաստել այդ ոլորտի կրթության, գիտության, բարձր ավելացված արժեքով ապրանքների և ծառայությունների ստեղծմանը, արտահանմանը և կիրառմանը ՀՀ-ում՝ երկարաժամկետ հատվածում բարձրացնելով հանրային ծառայությունների որակը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել