Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, աշխարհը դրա հետ համաձայն չէ, եւ իրականությունն էլ այդպիսին չէ․ Արարատ Միրզոյան
16:54 - 19 հունվարի, 2022

Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, աշխարհը դրա հետ համաձայն չէ, եւ իրականությունն էլ այդպիսին չէ․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք (համանախագահները) չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»:

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ՀՀ արտաքին գերատեսչությունը պատրաստվում արձագանքել այս հայտարարությանը։

Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նկատեց՝ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով եւ դիրքորոշմամբ, ինչը, նրա կարծիքով, խանգարում է եղած խնդիրների՝ կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու ընդունելի լուծումներ գտնելուն․ «Այդուհանդերձ, ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ։ Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի կամ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, եւ ոչ ԼՂ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ բոլորովին համաձայն չէ եւ իրականությունն էլ էդպիսին չէ»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ հերթական ապացույցն անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովում բազմաթիվ երկրների հնչեցրած դիրքորոշումներն են, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում․

«Սա միակ ձեւաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- ասաց ԱԳ նախարարը։

Նա նշեց, որ այս պահին ԵԱՀԿ  ՄԽ համանախագահության ֆորմատում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում նախատեսված չէ, բայց այս պահին նախատեսված է ՄԽ համանախագահների այց տարածաշրջան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել