2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին
18:06 - 19 հունվարի, 2022

2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսեց 2021 թվականի ընթացքում զինծառաողների անհետացման մասին․ «2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը բառիս բուն իմաստով անհետացել է մարտական դիրքերից։ 2021 թ․-ի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում։ Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտանաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատվել, ինչը փաստում է նաև Մկրտչյանի մոր դիմումները ուղղված Պաշտպանության նախարարությանը»։

Աբրահամյանը նշեց նաև, որ 2021 թ․-ի նոյեմբերին նաև պայմանագրային զինծառայող է անհետացել․ «Այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի հետ կապված որևէ տեղեկություն չկա, կոնկրետ անձի անուն ազգանունը կա, ուղղակի ընտանիքի հետ կապ դեռ չեմ հաստատել, դրա համար անուն ազգանունը չեմ հնչեցնում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ հոդվածներով են քրեական գործեր հարուցվել, հարուցվել են, թե ոչ, մեր զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալը արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին։ Եթե առաջին զինծառայողի դեպքում եղել է պաշտոնական հաղորդագրություն, իսկ վերջերս դրա մասին խոսել է նաև նրա փաստաբանը, ապա երկրորդ դեպքում նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել»։ 

Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչ է հայտնի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ երկու զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, ձեռնարկվե՞լ են բոլոր հնարավոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու և զինծառայողներին հայտնաբերելու համար։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյաննն էլ արձագանքեց, որ չի կարող նոր տեղեկություններ հաղորդել․ «Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ կարող եմ քննարկել Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակներում կարող եք ստանալ ինֆորմացիան»։

Այնուհետև Աբրահամյանը զինված ուժերի վերաբերյալ այլ հարցեր ուղղեց Պապիկյանին․ «Քանի՞ ոչ մարտական կորուստ ենք ունեցել 2021 թվականի  ընթացքում, Ձեր գերատեսչությունը ունի՞ ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի դրդապատճառների մասին, եթե ունեք պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով եք աշխատում՝ կանխելու կամ էականորեն նվազեցնելու նմանատիպ միջադեպերը»։

«Ինչպես հասկացա հարցերը հնչում են՝ հետո գրավոր արձագանք ստանալու համար, որովհետև դուք ցուցանիշների մասին եք խոսում։ Ես հիմա պատրաստ չեմ ձեզ ներկայացնել ցուցանիշներ։ Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին ասեմ՝ դուք խոսեցիք մի շրջանի մասին, որը իմ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց, իհարկե, նաև իմ պատասխանատվության տիրույթում է,ես հետամուտ եմ, որպեսզի յուրաքանչյուրի առնչությամբ մանրամասն քննություն իրականացվի, ինտենիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ, այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան արդեն պարզված հանգամանքներ, այսինքն՝ ես այս ամբիոնից չեմ կարող անել հայտարարություններ կամ բերել որևէ պնդում, որը դեռևս հաստատված չի։ Հարցից չեմ խուսափում, պարզապես չկա հստակ պատասխան, այս ամբիոնից որևէ բան ասել չեմ կարող»,-նշեց Պապիկյանը։

Անդրադառնալով վերլուծության վերաբերյալ հարցին, Պապիկյանն ասաց, որ վերլուծություն կա․ «Ավելին ասեմ՝ այդ վերլուծությունը դեռևս իմ կողմից հաստատված չէ, որովհետև այն ինձ դեռևս չի բավարարում, բայց սա այնպիսի աշխատանք է, որը պետք է երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում վերհանել»։

Պապիկյանի խոսքով՝ պատճառահետևանքային պրոբլեմները շատ են․ «Սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները։ Այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում՝ նաև հակառակորդի սեփականությունը։ Առիթից օգտվելով` ուզում եմ կոչ անել մեր ընդդիմադիր խմբակցության գործընկերներին, հասարակությանը, բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս հետևողականորեն ցուցաբերել զգուշավորություն, որովհետև ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդկանց և իհարկե հետևանք ունենալ բոլորիս համար ու երկրի համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել