Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան
18:27 - 19 հունվարի, 2022

Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման մասին խոսելիս խոսում ենք մինչեւ 2020-ի դեկտեմբե՞ր եղած իրավիճակը, 2021-ի մայիսի՞ դրությամբ իրավիճակը, նոյեմբերի՞ դրությամբ իրավիճակը։ Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ հայելային հետքաշման որոշակի տրամաբանության պարագայում մենք որոշ հայկական գյուղեր առնվազն անպաշտպան ենք թողնում։

Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ շատ դետալներ բացահայտել չի կարող, բայց իր ներկայացրած փաթեթում հանգամանալից կերպով նախատեսված են մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որեւէ գյուղ կամ ճանապարհ անպաշտպան չի մնա․ «Խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք այդ գործընթացի»,- ասաց Միրզոյանը։

Մամիջանյանը հստակեցրեց՝ որպես տրամաբանություն վերցրել են խորհրդային սահմանները, ոչ թե իր նշած թվականների կարգավիճակներից մե՞կը։ Միրզոյանը նշեց, որ հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը։

Մամիջանյանը, հիշատակելով, որ Ստոկհոլմում տեղի է ունեցել Միրզոյանի եւ Չավուշօղլուի հանդիպում, հարցրեց՝ ինչու են այդ հանդիպման մանրամասները գաղտնի պահվում, ի՞նչ է տեղի ունեցել այդ հանդիպմանը։

«Մենք չենք հանդիպել պաշտոնական՝ ինչպես ընդունված է․ խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է ունենար նիստը, այդ միջանցքում կողք կողքի ենք քայլել, եւ մեր խոսակցությունը մոտավորապես այսպես է եղել․ «Բարեւ Ձեզ, բարեւ Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ, եւ կսկսենք գործընթացը»»,- մանրամասնեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ թեեւ դա պաշտոնական հանիդպում չէր, բայց լավ հանդիպում էր, եւ, ըստ նրա, ազդակները կարծես դրական են։ Նա նշեց, որեւէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել