Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով |azatutyun.am|
10:43 - 20 հունվարի, 2022

Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար:

Միաժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ երեկ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։

«Նախարարը նշել է, որ Ադրբեջանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի զարգացման, կանաչ էներգիայի, բնապահպանական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, Բայրամովը հայտնել է Ադրբեջանի շահագրգռվածությունը ԵԱՀԿ-ի մասնակցությամբ այն նախագծերում, որոնք վերաբերում են ներկայիս հետպատերազմյան շրջանին, մասնավորապես՝ տարածաշրջանում շինարարության և վերաինտեգրման գործընթացներին», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին խորհրդարանում հայտնել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։

«Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից: Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ իհարկե չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին», - երեկ Ազգային ժողովում ասել է Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել