Տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահը
21:46 - 23 հունվարի, 2022

Տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀ Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում սահմանում է արտահերթ ընտրություն։

Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Ըստ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

Ըստ 126–րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Համաձայն Սահմանադրության 144-րդ հոդվածի` նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել