ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել․ Նիկոլ Փաշինյան
22:12 - 24 հունվարի, 2022

ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի հարցերից մեկը վերաբերում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը․ «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, այդպիսի պլաններ չունենք, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց եթե տեսնենք, որ մեզ համար սպառնալիք կա, այդ սպառնալիքը տեղում կոչնչացվի»։ Լրագրողը հետաքրքվում էր՝ Հայաստանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ես կուզենայի վերջին շրջանում և վերջին մի տարուց և ավելի  ժամանակաշրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները ընկալելիս մենք որոշ նրբություններ նկատենք, որը, իմ կարծիքով, մեր իրականության մեջ չի նկատվում և այդ հայտարարությունների մեջ տարբերակենք ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը։ Վերջերս մի շատ կարևոր դիտարկում հնչեցրեց մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ։ Ինքը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ Արդբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են  1994 թվականից հետո։ Օրինակ, տեսեք, երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այդ վերլուծաբանը իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թ.-ից  հետո տասնյակ տարիներ ՀՀ-ից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է»։

Փաշինյանն ասաց՝ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ «Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին»․ «Այդ վերլուծաբանը իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է, այդ թվում՝ տարբեր քաղաքների մասին, տարբեր տարածաշրջանների մասին, խոսքը Արցախի մասին չէ։ Նկատի ունեմ, որ, այնուամենայնիվ, այդ հայտարարությունների մեջ այսպես կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա, մենք պետք է սա հաշվի առնենք»։

Վարչապետը առաջարկեց ռացիոնալ դաշտում մի քանի հարց քննարկել․ «Էլի անընդհատ է խոսք է գնում այն մասին, որ Հայաստանը ճանաչի՞,  թե՞ չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին չի խոսվել և երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում խոսակցությունը այդ մասին, բայց մենք պետք է արձանագրենք մի բան, որ ՀՀ-ի օրենսդրության մաս կազմող Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ու այդ համաձայնագիրը վավերացվել է 1992 թ․-ին»։

Նրա խոսքով՝ երբ Մադրիդյան սկզբունքները բանակցությունների հիմք են դարձել, այդտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է․ «Նկատի ունեմ, որ դե յուրե ՀՀ-ն և Ադրբեջանը դեռևս 1992 թ․-ից ճանաչել են սահմանների անձեռնմխելիություն և տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների և տարածքների շրջանակում։ Բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվում։ Այո, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը շատ կարևոր է, բայց մյուս կողմից, երբ մենք տեսնում ենք ոչ Հայաստանի տեսակետը, բոլորովին վերջերս ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթացներ են»։

Անդրադառնալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար ռազմավարական օրակարգ է․ «Եվ մենք այդ օրակարգը որդեգրել ենք և արձանագրել ենք կառավարության ծրագրում, ես բազմիցս ասել եմ, որ մենք հասկանում ենք, որ սա ամենևին մեզնից չի կախված միայն, բայց որ մենք այդ օրակարգին հետևելու ենք հետևողականորեն, սկզբունքորեն, դա ակնհայտ է, և ի վերջո նաև ուզում եմ, որ մենք ռացիոնալ դաշտում նայենք հարցերին։ Շատ է խոսվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին․ մենք էլ ենք կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց այդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևավորվի, ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է»։

Փաշինյանի կարծիքով՝ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան․ «Այո, Հայաստանը պատրաստ է բանակցությունների, դրա մասին մենք միշտ էլ հայտարարել ենք, և, ընդ որում, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որի մանդատը ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, հենց այդ բանակցային գործընթացի ամբողջ նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել։ Երբ մենք բանակցային թղթերը նայում ենք, այդ ամբողջ պրոցեսի նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, և մենք էլ դա որպես օրակարգ ունենք և պիտի հետապնդենք այդ օրակարգը՝ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Բայց ցանակցած պայմանագիր ստորագրելուց առաջ պետք է բանակցվի, և Հայաստանը պատրաստ է բանակցություններին, և ըստ էության այս քննարկումները, որ տեղի են ունենում, ինչի համար են, ի վերջո հենց այդ խնդիրները լուծելու համար են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել