Փաշինյանը ոչ թե ասել է մեկ սկզբունք, այլ սկզբունքներից մեկը․ Տիգրան Աբրահամյանը սխալվում է
18:44 - 26 հունվարի, 2022

Փաշինյանը ոչ թե ասել է մեկ սկզբունք, այլ սկզբունքներից մեկը․ Տիգրան Աբրահամյանը սխալվում է

Երեկ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած առցանց ասուլիսին։ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց, որ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը։ Պատգամավորի համոզմամբ՝ վարչապետի բոլոր հայտարարությունների նպատակներում այդ գործոնն է դրված․

«Իրականության մեջ այն, ինչ ներկայացնում է Փաշինյանը ոչ միայն երեկ, այլ իր վերջին բոլոր հայտարարություններում, աղճատված են կամ որեւէ ձեւ չեն համապատասխանում իրականությանը։ Մեկ օրինակ՝ հղում է անում Մադրիդյան փաստաթղթին, ասում է՝ տեսեք՝ Մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է մեկ սկզբունք, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է։ Այստեղ շատերը տեղյակ են, որ Մադրիդյան փաստաթղթում երեք սկզբունք է եղել՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման։ Այսինքն՝ ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված»,- մեկնաբանեց Տիգրան Աբրահամյանը։

Սակայն վերջինիս պնդումը, թե Փաշինյանը նշել է՝ Մադրիդյան փաստաթղթի հիմքում մեկ սկզբունք է եղել, իրականությանը չի համապատասխանում։

Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ, խոսելով այն հարցի մասին, թե եթե ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ սահմաններով է ճանաչվելու, այսպես պատասխանեց․

«Գիտեք, որ Մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք։ Այստեղ, նկատի ունեմ, դա դե յուրե ՀՀ-ն եւ Ադրբեջանը դեռեւս 1992-ից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող տարածքների եւ սահմանների շրջանակում։ Բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի եւ Աբրահամյանի խոսքերը համեմատելիս ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը ոչ թե պնդել է, թե Մադրիդյան փաստաթղթում միայն մեկ սկզբունք է եղել՝ տարածքային ամբողջականության, ինչպես հայտարարել է Աբրահամյանը, այլ նշել է, որ փաստաթղթի հիմքում սկզբունքերից մեկը տարածքային ամբողջականությունն է։

Մադրիդյան սկզբունքները, որպես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկի փաստաթուղթ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն 2007 թվականին ներկայացվել են Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետություններին։

Մադրիդյան սկզբունքներում հղում է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջեւ հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին եւ մասնավորապես, 2-րդ հոդվածին` ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, եւ 8-րդ հոդվածին` իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկու երկրների արտգործնախարարները, հիմնվելով փաստաթղթի 14 հիմնարար դրույթների վրա, պետք է մշակեին հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր։

Հարկ է նշել, որ փաստաթղթի հիմքում դրված սկզբունքները մեկը մյուսին չեն ստորադասում, դրանք բոլորը պետք է ընկած լինեին կարգավորման հիմքում։

2019 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից։

2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Մադրիդյան սկզբունքներն այլեւս բանակցությունների սեղանին չեն։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսեց այդ մասին՝ նշելով, որ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերն իրենց համար թափանցիկ չեն, դժվար է ասել՝ դա ընդունում են որպես բանակցային գործընթացի հիմք, թե չեն ընդունում․

«Սկզբունքներն ըստ էության հարցի լուծման ճանապարհն են, ուզում ենք հասկանալ՝ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել այդ ճանապարհը, նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնում ենք, թե չէ: Ես ասում էի նույն ճանապարհով կարելի է Սեւան, Գավառ, Վարդենիս, Իջեւան գնալ, բայց եթե պարզվի, որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, պետք չէ այդ ճանապարհով գնանք: Ասում ենք՝ եկեք պարզենք Մադրիդյան սկզբունքները որտեղ են տանում»,- ասել էր Փաշինյանը:

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել