Շիրակի մարզում պատվաստումային ցուցանիշը 42,5 տոկոս է. մարզպետը կարևորում է գործընթացի ակտիվացումը
19:14 - 31 հունվարի, 2022

Շիրակի մարզում պատվաստումային ցուցանիշը 42,5 տոկոս է. մարզպետը կարևորում է գործընթացի ակտիվացումը

Հունվարի 31-ի դրությամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափ ստացել է 74.839 քաղաքացի, այսինքն 18-ից բարձր քաղաքացիների 42,5 տոկոսը։

Այս մասին այսօր Շիրակի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է կառույցի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանը կարևորել է գործընթացի ակտիվացումը, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։

«Առողջության առաջնային պահպանման օղակի ծանրաբեռնվածությունն այս փուլում մեծացել է, ինչը բնական է, այստեղ պետք է հնարավորինս աչալուրջ լինել, ակնկալում եմ բոլորի համագործակցված աշխատանք, որը կբերի բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման և հիվանդներին ժամանակին և որակով բուժօգնություն ցույց տալուն»,- նշել է մարզպետը։

Հունվար ամսին կատարվել է 894 նմուշառում, որից 283 քաղաքացու մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական։ Այսօրվա դրությամբ դրական թեստավորմամբ առաջնային օղակում 363 քաղաքացի է  հսկողության տակ։

«Աշխատանքում խիստ հետևողականություն ցուցաբերելով ու արագ արձագանքելով, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու հոգացավ վերաբերմունքով կկարողանանք պայքարել համավարակի դեմ ու զերծ մնալ նոր բռնկումներից ու ալիքներից»,- Շիրակի մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ընդգծել է Նազելի Բաղդասարյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել