Մեկնարկում են Երեւան-Ստամբուլ թռիչքները. առաջինը կսկսի հայկական կողմը |hetq.am|
17:52 - 02 փետրվարի, 2022

Մեկնարկում են Երեւան-Ստամբուլ թռիչքները. առաջինը կսկսի հայկական կողմը |hetq.am|

hetq.am: Հայկական «Fly One Armenia» եւ թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերություններն այսօրվանից սկսում են Երեւան-Ստամբուլ ավիահաղորդակցության ապահովումը:

Թուրքական օպերատորը փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ այսօր եւ ամսի 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին): «Fly One Armenia» ընկերությունն էլ այսօրվանից կատարելու է շաբաթական 2 չվերթ (երկուշաբթի եւ ուրբաթ օրերին), իսկ ապրիլից հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին):

Նկատենք, որ Երեւան-Ստամբուլ թռիչքի ուղեւորները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից», քանի որ Ստամբուլի ուղղությունը նախորդ 1 տարում չի շահագործվել: Այս պարագայում «օդի տուրքից» կազատվեն թե՛ հայկական, թե՛ թուրքական ավիաընկերությունների ուղեւորները: Ընդ որում՝ եթե «Fly One Armenia»-ն Երեւանի «Զվարթնոցից» թռչելու է դեպի Ստամբուլի նոր օդանավակայան, որն այդ քաղաքի գլխավոր օդային դարպասն է այսօր, ապա «Pegasus»-ը չվերթեր կատարելու է իր բազավորման կետից՝ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանից: 

Այսօր առաջինը մեկնարկելու է «Fly One Armenia»-ն, որն, ըստ «Զվարթնոցի» չվացուցակի, Երեւանի ժամանակով 18:00-ին պետք է մեկնի: Վայրէջքը Ստամբուլում նախատեսվում է Թուրքիայի ժամանակով 19:50-ին (Երեւանի ժամանակով՝ 20:50-ին): Հայկական ընկերությունը Ստամբուլ-Երեւան չվերթը կսկսի Ստամբուլի ժամանակով 20:40-ին (Երեւանի ժամանակով՝ 21:40-ին), իսկ «Զվարթնոցում» վայրէջքը նախատեսված է 23:50-ին:  

«Pegasus Airlines»-ը Ստամբուլից կմեկնի տեղի ժամանակով 23:35-ին, իսկ Երեւանում վայրէջք կկատարի մեր ժամանակով փետրվարի 3-ի լույս գիշերը՝ 02:35-ին: Մեկնումը «Զվարթնոցից» նախատեսված է 06:30-ին, վայրէջքը Ստամբուլում՝ Թուրքիայի ժամանակով 06:50-ին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել