Ալեն Սիմոնյանի այցն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը
12:40 - 04 փետրվարի, 2022

Ալեն Սիմոնյանի այցն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը

Infocom-ի խմբագրությունը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից պարզաբանում է ստացել Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ այցի ու Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասին խոսքի վերաբերյալ, որում հնչած պնդումները ստուգել էր մեր փաստերի ստուգման թիմը։

Խոսնակի պարզաբանումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև․

«Պարզաբանում «Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին» նյութի վերաբերյալ

Infocom.am կայքի հարգելի խմբագրակազմ, փետրվարի 3-ին ձեր կայքում հրապարակված «Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին» նյութի վերաբերյալ հայտնում եմ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ այցի ու Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասին Ալեն Սիմոնյանի խոսքը տարընթերցումների առիթ է հանդիսացել, ինչի հիման վրա էլ կայքի վերոնշյալ հրապարակումն է արվել։

Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Միացյալ Նահանգներ է մեկնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերով և նրա հետ ունեցել աշխատանքային հանդիպում։ Հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանն այցի աննախադեպությունն այդ իմաստով է շեշտել, այսինքն՝ այն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի կողմից ստացած անմիջական հրավերի առումով, ինչը լրագրողի հիշատակած ԱԺ մյուս նախագահների պարագայում չի եղել»։

Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Ես չեմ ուզում ասել, որ դա իմ առավելությունն է, բայց, օրինակ, վերջին այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ աննախադեպ այց էր։ Աննախադեպ էր իր մակարդակի առումով, որովհետև նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Հայաստանի Հանրապետության համարժեք պաշտոնյայի հանդիպում եղել էր երևի 30 տարի առաջ՝ անկախության օրերին, և դրանից հետո նման այցելություն և նման հանդիպումներ չեն եղել»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել