Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ չհայտնեց. փաստաբանները դատարանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել |news.am|
12:44 - 04 փետրվարի, 2022

Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ չհայտնեց. փաստաբանները դատարանին եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկ դատավորի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։

Մերժման որոշումը ստանալուց հետո փաստաբանները մեկ այլ հիմնավորմամբ նորից ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը մերժման որոշումը տրամադրել է, որում դատավորը վերլուծել է օրենսդրական նորմեր, ըստ որոնց՝ պարտադիր չէ՝ պատահական ընտրությամբ դատավորը քննի քրեական գործը.

«Նշված է, որ դատարանի նախագահն է որոշում, թե հերթապահներից ում տա։ Սա բացարձակապես գործերի մակագրման ինստիտուտի, դատավորի անկախության, դրա պահպանման սկզբունքների հետ ոչ մի կապ չունի։ Միակ երաշխիքը, որ անձն իմանա՝ իր գործը ոչ թե տվեցին ինչ-որ դատավորի, որովհետեւ ուզում են այդ դատավորը քննի, այլ ուղղակի օրենքով սահմանված կարգով այս գործն ընկավ այս դատավորի մոտ»։

Փաստաբանները երկրորդ ինքնաբացարկը հիմնավորել են դատավոր Արղամանյանի մասին ԶԼՄ-երում արված հրապարակումներով, ինչպես նաեւ Արղամանյանի քաղաքական հայացքներով.

«Բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներ ենք ներկայացրել, որոնցում շատ ուղիղ կասկածներ կան, որ Բորիս Բախշիյանին պատժում են իշխանությունները նրա համար, որ կալանքից ազատ է արձակել Քաջարանի համայնքապետին, Գորիսի փոխհամայնքապետին, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս անձինք ներկայանում են որպես ընդդիմադիր հայացքներ։ Բացի այդ՝ Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Իմ քայլի» խորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, ունի իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ, մշտապես հայտարարություններ է արել «ֆեյսբուքում», ցույց տալով իր քաղաքական հայացքները»։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի ժամը 14։00-ին, իսկ խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի 16։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել