Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
Եթե ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանը միանար Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, այսօր բերելո՞ւ էիք նրա լիազորությունները դադարեցնելու հարցը։ Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ այսպիսի հարց հնչեցրեց ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։ Գալջյանը ներկայացնում էր Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը՝ հիմնավորմամբ, որ նա օրենքով թույլատրելիից ավելի բացակայություններ ունի։
Խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ տիկին Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասաց Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում ներկայացնել խմբակցությունը։
Աբգարյանն արձագանքեց, թե՝ շանտաժը «պոզով-պոչով» չի լինում, եթե մարդուն երկընտրանք են առաջարկում, դա հենց շանտաժն է։
Գալջյանի խոսքով՝ երկընտրանք չի առաջարկվել, ինքն այդ մեկնաբանությանը համաձայն չէ։
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Մխոյանը մասնակցում էր ճարտարապետական այն խմբի աշխատանքներին, որը քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն էր ստեղծել․ «Աշխատանքային տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, որտեղ ինքը ակտիվ մասնակցություն էր ունենում, այսինքն՝ անկախ երեխայի հանգամանքից, ինքը հնարավորություն ունեցել է մասնակցելու, կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ ավագանու նիստերին կարող էր մասնակցություն ունենալ»,- նկատեց քաղաքապետը։
comment.count (0)