2018-2019-ի նկատմամբ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է. դրամաշնորհային ֆինանսավորումն աճել է 4 անգամ. Ա.Մովսիսյան |news.am|
14:12 - 11 փետրվարի, 2022

2018-2019-ի նկատմամբ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է. դրամաշնորհային ֆինանսավորումն աճել է 4 անգամ. Ա.Մովսիսյան |news.am|

news.am: Գիտության ֆինանսավորումը 2022-ին ավելացել է 2021-ի նկատմամբ շուրջ 82 տոկոսով, մոտ 25,1 մլրդ դրամով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը:

Նրա խոսքով, վերջին 2 տարիների ընթացքում գիտության ֆինանսավորումը էլի ավելացել էր, բայց ոչ այսպիսի աննախադեպ թվերով. «1,5 մլրդ դրամով ավելացել էր 2020-ի վերջին եւ 2021-ին ավելացել էր եւս 2 մլրդ դրամով:  2018-2019 թվականների նկատմամբ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է»,-ասաց նա:

Արթուր Մովսիսյանը նշեց, որ 2020-2021 թվականներին ներդրել են նոր ծրագրեր, որոնց արդյունքում ձեւավորվել են նաեւ պարտավորություններ: «2021-ին կատարել ենք այնպիսի ծրագրեր, որը բերել է մեզ ֆինանսավորման պարտավարություն, մրցույթներն արել են, հաղթողներին պետք է ֆինանսավորենք:

2022-ին նոր 4 գիտական թեմատիկ ծրագրեր ենք իրականացնելու: Դրանք PHD ուսանողների ուղարկել արտասահմանի լավագույն գիտական կազմակերպություններ սովորելու, վերապատրաստվելու, թեկնածուական պաշտպանելուց հետո ուղարկել դուրս վերապատրաստումների՝ 6-36 ամսով:

Նոր ծրագրերը պետք է միտված լինեն ուժեղացնել գիտության այն ուղղությունները, որոնք կամ թույլ են զարգացած, կամ չունենք: Օրինակ Ռոբոտիքսը, հասարակական գիտություններից իրավագիտությունը, քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը:

Ընդհանուր առմամբ մեր գիտության ներկա վիճակը գոհացնող չէ, մեր գիտնականների քանակը տարիների ընթացքում պակասել է, միջին տարիքը բարձրանում է, համակարգ մուտք գործող եւ մնացող երիտասարդներիթիվը քիչ է, որը մեզ ստիպում է, որ մենք կտրուկ քայլեր անենք, որ այդ վիճակը բարելավենք»,-ասաց նա:

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալի ներկայացմամբ, ավելացված ֆինանսավորման բաշխումն էապես փոխվել է դեպի թեմատիկ, դրամաշնորհային, մրցութային  ֆինանսավորում: Մասնավորապես, այդպիսի ֆինանսավորումն աճել է 4 անգամ:

«Երիտասարդ գիտնականը, որն ունի բավականաչափ անկախություն իր գիտական ղեկավարից, տալիս ենք հնարավորություն իր սեփական խումբը ստեղծել, 3 տարով դրամաշնորհ ենք տալիս, այդ թվում իր սեփական լաբորատորիան ունենալու համար: Սա որոշակի ստարտափ է»,-ընդգծեց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել