civilnet.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը առաջարկեց նախագիծը ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ հաջորդին նախատեսել հատուկ ընթացակարգ և առաջարկությունների ժամկետ սահմանել մինչև ժամը հինգը։ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորները ընդունեցին առաջարկը։ «Ազգային ժողովի հաջորդ որոշման նախագիծը, ըստ Կանոնակարգի 75-րդ հոդվածի, քվեարկվում է առանց քննարկման, այսինքն՝ զեկուցողի առաջարկը չի քննարկվելու»,- ասաց Թովմասյանը։
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Այս օրենքի ընդունումը շատ կարևոր է, հրամայական է, ինչ-որ տեղ էլ միգուցե ուշացել ենք։ Ի վերջո մեր երկրի մեծ մասը բռնագրավված է, մենք պարտավոր ենք ունենալ այդ օրենքը։ Այն իր մեջ ներառում է Արցախի իշխանությունների, ժողովրդի, հանրության տեսլականը»,- ասաց նա։
Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 15-ին հրավիրած քննարկմանը դրական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին, որը փետրվարի 1-ին շրջանառության մեջ են դրել Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները։
Ըստ նախագծի առաջին հոդվածի՝ օրենքը վերաբերում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքներին։ Իսկ 3-րդ հոդվածի առաջին կետը սահմանում է, որ բռնազավթված տարածքներ են համարվում «Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները»:
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հարց ուղղեց օրինագիծը ներկայացրած պատգամավորներից ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Մոսիյանին, թե կարո՞ղ են խոսել Քաշաթաղի և Շահումյանի մասին, նաև Ակնայի [Աղդամ] մասին, և արդյոք օրենքով դրանք դիտարկվում են որպես օկուպացված տարածքներ։ Մոսիյանը պատասխանեց․ «Միանշանա՛կ։ Երկու Շահումյաններն ընդգրկված են [նկատի ունի ԼՂԻՄ-ից հյուսիս գտնված Շահումյանի շրջանը, ինչպես նաև հետագայում Արցախի Հանրապետության կազմում ձևավորված Շահումյանի շրջանը- խմբ․]։ Հիմքը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չէ, այլ Սահմանադրությունը։ Սահմանադրությամբ հստակեցված է»։
Մոսիյանը կարդաց նախագծի առաջին հոդվածում նշված սահմանումը, որը ենթադրում է 1994-1995, 2016, 2020թթ․ պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքները։ Նրա խոսքով օրինագիծը վերաբերում է բոլոր շրջաններին։
Պատգամավորը հղում արեց Սահմանադրության 175-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Արցախի հանրային իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք գտնվում են նրա իրավազորության ներքո՝ մինչև սահմանների ճշգրտումը և տարածքային ամբողջականության վերականգնումը։ «Այդ իմաստով հղում է կատարվում, որ առաջին պատերազմից հետո ունենք Մարտունու, Մարտակերտի շրջաններից բռնազավթված տարածքներ, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Մոսիյանը։
Մոսիյանը նշեցն, որ բնակավայրերը մեկ-մեկ չնշելու համար՝ հղում են կատարել («Վարչատարածքային բաժանման մասին»- խմբ․) օրենքին։
Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներում անօրինական է համարվում գործունեություն իրականացնող ցանկացած մարմին և պաշտոնատար անձ, որն ստեղծվել, ընտրվել, նշանակվել է ԱՀ օրենսդրությանը ոչ համապատասխան, իսկ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։ Սահմանափակումը, սակայն, չի տարածվում բռնազավթված տարածքներում անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերող անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա:
Օրենքը սահմանում է նաև բռնազավթված տարածքներում
comment.count (0)