ԵՄ-ն Ուկրաինայից փախստականների ընդունելու ծրագիր է մշակել
 |factor.am|
18:29 - 24 փետրվարի, 2022

ԵՄ-ն Ուկրաինայից փախստականների ընդունելու ծրագիր է մշակել |factor.am|

factor.am: ԵՄ-ն Ուկրաինայից հնարավոր փախստականներին միության սահմանամերձ պետություններում ընդունելու ծրագիր է մշակել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ամիսներ շարունակ մենք լավագույնի հույս ունեինք, բայց պատրաստվում էինք վատթարագույնին։ Հիմա սահմանային ծառայությունների հետ միասին Ուկրաինայից փախստականներին Եվրամիության սահմանամերձ երկրներում ընդունելու ծրագիր ենք պատրաստել»,- հայտնել է ԵՀ ղեկավարը։

ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնն իր հերթին տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել ԵՄ անդամ երկրներին փախստականներին ընդունելուն նախապատրաստվելու հարցում՝ Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը զուգընթաց։

«Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել անդամ երկրներին՝ [փախստականներին] ընդունելու պատրաստակամության հարցում: Ես շնորհակալություն եմ հայտնում Լեհաստանին, Չեխիային, Ռումինիային, Սլովակիային և Հունգարիային անհապաղ պաշտպանություն տրամադրելու պատրաստակամության և ցանկության համար»,- նշել է Յոհանսոնը։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել