Ռուսական զորքերը, որոնք հարձակվել են Ուկրաինայի վրա, օպերատիվ դադար են վերցրել և վերախմբավորվում են, սակայն դիրքային մարտերը շարունակվում են երկրի գրեթե ողջ տարածքում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ սահմանի մոտ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Նրա խոսքով Ուկրաինայի հարավում կատաղի մարտերը շարունակվում են։
«Հարձակման տակ են Հենիչեսկը, Սկադովսկը, Նովա Կախովկան։ Կան բազմաթիվ ֆոտո և վիդեո ձայնագրություններ ռուսական զինված ուժերի հասցրած ավերածությունների մասին, այդ թվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասել է Միխայլո Պոդոլյակը։
Նա նշել է, որ կատաղի մարտերը շարունակվում են նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում (ՌԴ-ն ճանաչել է որպես Ինքնահռչակ Հանրապետություններ- խմբ․), և Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ էին իրադարձությունների նման զարգացմանը։ Ուկրաինացի պաշտպանները շատ ակտիվ են դիմադրում և նույնիսկ սահմանից որոշ հեռավորություն են մղում հակառակորդին։
Պետության նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականն ընդգծել է, որ Ուկրաինան դեռևս վերահսկում է սննդի մատակարարումը և ենթակառուցվածքները, որոնք ապահովում են մարդկանց սովորական կյանքը։
Պոդոլյակը նշել է, որ Ուկրաինայի հարավում և արևելքում ռուսական զինված ուժերը ոչ միայն հարձակվում են ռազմական ենթակառուցվածքների վրա, այլև սկսել են արագ հարվածներ հասցնել քաղաքացիական օբյեկտներին․ «Վուգլեդարում հիվանդանոցը հրթիռակոծության է ենթարկվել։ Գրադներով գրոհվում են նաև Մարիուպոլի թաղամասերը»։
«Կան նաեւ օպերատիվ տվյալներ, որ ռուսական կողմը ցանկացել է ահաբեկչություն իրականացնել Չեռնոբիլի ատոմակայանում եւ առաջացնել բնապահպանական հզոր աղետ։ Սա էապես փոխում է պատկերը, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանում պարզապես տապալել իշխանությունը կամ փոխարինել նրան խամաճիկներով, ՌԴ-ն ցանկանում է առավելագույն ավերածություններ առաջացնել Ուկրաինայում, նույնիսկ բնապահպանական բնույթի»,- ասել է պետության ղեկավարի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։
Նա նաև ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկին շարունակում է ակտիվորեն աշխատել օտարերկրյա գործընկերների հետ։
comment.count (0)