Հինգշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ՎՏԲ բանկի և «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արգելելով «Աէրոֆլոտի» թռիչքները Մեծ Բրիտանիա: Ընկերությունը շաբաթական մի քանի չվերթ էր իրականացնում Մոսկվա - Լոնդոն երթուղով։ Ընկերությանը կարող են նաև արգելել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայով թռիչքները։
Ջոնսոնը նաև պարզաբանել է, որ խոսքը Մեծ Բրիտանիայում ՎՏԲ բանկի ակտիվների ամբողջական սառեցման մասին է:
Ռուսական բանկերը, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, ամբողջությամբ անջատվելու են Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգից, նրանց հասանելի չեն լինելու ֆունտ ստերլինգով գործարքները:
Մեծ Բրիտանիան նաև արգելել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Նման միջոցները սովորաբար կիրառվում են երկրի երկարաժամկետ զարգացումը զսպելու համար։
Ջոնսոնը նաև հայտարարել է Ռուսաստանի և ռուսական ընկերությունների համար Մեծ Բրիտանիայում ֆինանսավորում ստանալու արգելքի մասին: Դա կարող է հանգեցնել նրան, որ ռուսական ընկերություններն այլևս չեն կարողանա իրենց թղթերը տեղադրել Լոնդոնի բորսայում, որը նրանց մոտ չափազանց տարածված էր։
Բացի այդ, Ջոնսոնը խոստացել է հետաքննել այն, թե ինչպես են հարուստ ռուսաստանցիները ձեռք բերել իրենց ունեցվածքը. «Օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենալու», - հայտարարել է նա:
comment.count (0)