ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված Եվրոպայում անվտանգային իրավիճակի լուրջ սրման հետ:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ: Հանդիպումը կկայանա ըստ նախնական որոշված ժամանակացույցի՝ շաբաթ օրը՝ մայիսի 28-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 21:00-ին։
ՈՒԵՖԱ-ն ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր անձնական աջակցության և աննախադեպ ճգնաժամի պայմաններում Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր հանդիպումը Ֆրանսիա տեղափոխելու պատրաստակամության համար: Ֆրանսիայի կառավարության հետ միասին ՈՒԵՖԱ-ն լիովին կաջակցի Ուկրաինայում ֆուտբոլիստների և նրանց ընտանիքների փրկությանն ուղղված ջանքերին, որոնք բախվում են սարսափելի մարդկային տառապանքների, ավերածությունների և տեղահանումների:
Այսօրվա նիստում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն նաև որոշում է կայացրել, որ ՈՒԵՖԱ-ի մրցումներին մասնակցող ռուսական և ուկրաինական ակումբներն ու ազգային հավաքականները անորոշ ժամանակով պետք է իրենց տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտերում։
comment.count (0)