Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար
17:16 - 25 փետրվարի, 2022

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար, նաեւ ապահովելու պատվիրակությունների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել էր․ «Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել ՌԴ նախագահին. Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնենք մարդկանց մահերը»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ պատրաստ է բարձր մակարդակի շփումներ ունենալ Կիևի հետ։ Այնուհետև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ՊՆ, ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։

Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել