Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը
21:19 - 25 փետրվարի, 2022

Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը

Ռուսաստանում միջոցներ են ձեռնարկվել Facebook-ի մուտքը մասնակի սահմանափակելու համար, հայտնում է Роскомнадзор-ը։

Փետրվարի 25-ից միջոցներ են ձեռնարկվում Ռուսաստանում Ֆեյսբուքի հասանելիությունը մասնակի սահմանափակելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր):

«Փետրվարի 25-ին Գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ որոշում է ընդունել Ֆեյսբուք սոցիալական ցանցը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտմանը մասնակից ճանաչելու մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Նախօրեին Ֆեյսբուքը 90 օրով սահմանափակումներ էր դրել «ՌԻԱ Նովոստի» էջին՝ «կեղծ տեղեկատվություն» տարածելու համար: Բացի այդ, մեկ օրում գրաքննության են ենթարկվել ռուսական չորս ԶԼՄ-ների ՝ «Զվեզդա»-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի, «Լենտա.ռու»-ի, «Գազետա.ռու»-ի նյութերը։

Ինչպես նշել են Գլխավոր դատախազությունում, այդպիսով Ֆեյսբուքը անօրինական կերպով սահմանափակել է հասարակական նշանակության տեղեկատվության տարածումը հակառուսական պատժամիջոցների սահմանման պատճառով և դրանով իսկ խախտել է «Ռուսաստանի քաղաքացիների՝ ցանկացած օրինական եղանակով տեղեկատվություն ազատորեն որոնելու, ստանալու, փոխանցելու, արտադրելու և տարածելու իրավունքը», որը ամրագրված է Սահմանադրության 29-րդ հոդվածում:

Ֆեյսբուքը կընդգրկվի Ռոսկոմնադզորի համապատասխան ցուցակում։ Եթե սոցցանցը չվերացնի խախտումները, ապա դրա հասանելիությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կսահմանափակվի։ Ինչպես հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը, եթե սոցիալական ցանցը վերացնի բոլոր խախտումները՝ առաջին հերթին ապաարգելափակի ռուսական չորս ԶԼՄ-ների հասանելիությունը, ձեռնարկված միջոցառումները չեղյալ կհայտարարվեն:

Գերատեսչության տարածած տեղեկության համաձայն՝ վերջին ժամանակներում հաճախակի են դարձել օտարերկրյա ինտերնետ-հարթակների կողմից ռուսական ԶԼՄ-ների և հասարակական գործիչների պաշտոնական օգտահաշիվների չհիմնավորված արգելափակման դեպքերը: Ռոսկոմնադզորը ռուս օգտատերերին կոչ է արել գրանցվել և օգտագործել ազգային ռեսուրսներն ու սոցիալական ցանցերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել