Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Առաջին հերթին ՖԻՖԱ-ն ցանկանում է ևս մեկ անգամ դատապարտել Ռուսաստանի կողմից ուժի կիրառումը Ուկրաինա ներխուժելիս։ Բռնությունը երբեք լուծում չէ։ ՖԻՖԱ-ն իր խորին համերաշխությունն է հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք առնչվում է Ուկրաինայում կատարվողը։
ՖԻՖԱ-ն կրկին կոչ է անում անհապաղ վերականգնել խաղաղությունը և անհապաղ սկսել կառուցողական երկխոսություն։ ՖԻՖԱ-ն սերտ կապի մեջ է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ուկրաինական ֆուտբոլային համայնքի անդամների հետ, որոնք աջակցություն են խնդրում երկիրը լքելու համար այնքան ժամանակ, քանի դեռ առկա հակամարտությունը շարունակվում է:
Ֆուտբոլի հետ կապված հարցերը լուծելու համար և ՈՒԵՖԱ-ի հետ համակարգելով՝ ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն, որի կազմում են ՖԻՖԱ-ի նախագահը և Կոնֆեդերացիայի վեց նախագահները, միաձայն որոշել է անհապաղ առաջնային միջոցներ ձեռնարկել՝ միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջարկություններին համապատասխան։ Դրանք կկիրառվեն քանի դեռ այլ որոշում չի կայացվել։
ՖԻՖԱ-ն կշարունակի իր շարունակական երկխոսությունը ՄՕԿ-ի, ՈՒԵՖԱ-ի և այլ մարզական կազմակերպությունների հետ՝ որոշելու լրացուցիչ միջոցներ կամ պատժամիջոցներ, ներառյալ մրցումներից պոտենցիալ բացառումը, որոնք կկիրառվեն մոտ ապագայում, եթե իրավիճակը արագ չբարելավվի: ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն շարունակում է պատրաստ լինել՝ ընդունելու այս որոշումներից որևէ մեկը:
2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերի վերաբերյալ ՖԻՖԱ-ն ի գիտություն է ընդունել Լեհաստանի ֆուտբոլի ասոցիացիայի, Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի և Շվեդիայի ֆուտբոլի ասոցիացիայի սոցիալական ցանցերի միջոցով արտահայտված դիրքորոշումները և արդեն երկխոսության մեջ է մտել բոլոր ֆուտբոլային ասոցիացիաների հետ: ՖԻՖԱ-ն սերտ կապեր է պահպանելու՝ համատեղ հարմար և ընդունելի լուծումներ գտնելու համար»։
comment.count (0)