Ռուբլու պատմական անկում, պատժամիջոցներ Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ
12:07 - 28 փետրվարի, 2022

Ռուբլու պատմական անկում, պատժամիջոցներ Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ

«Forex» շուկայում ռուբլին պատմական անկում է գրանցել։ Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ փետրվարի 28-ին` ժամը 06:44-ի դրությամբ, հասնում էր 127 ռուբլու, դոլարը վաճառվում էր 113․5 ռուբլով, հաղորդում է BBC-ն։

Հայաստանյան բանկերում այսօր մեկ ռուբլին արժե 2.50-3 դրամ, միջին փոխարժեքը տատանվում է 3․30 դրամի սահմաններում։ ՀՀ Կենտրոնական բանկում 1 ռուբլին գնահատվում է 5.78 դրամ։

Ռուբլու այս անկմանը նախորդել են Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ. սառեցվել են բանկի ակտիվները։ Այս մասին որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում այս գիշեր։ Եվրամիությունն արգելել է ՌԴ ԿԲ արժութային պահուստների հետ ցանկացած գործարք, որի միջոցով հնարավոր է ազդել ռուբլու փոխարժեքի վրա։ Արգելված են գործարքները, որոնք կապված են պահուստների և ակտիվների կառավարման հետ։  Եվրոպական դիվանագիության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պատժամիջոցների հետևանքով կսառեցվի Ռուսաստանի ֆինանսական պահուստների շուրջ կեսը։

Ռուսաստանի ԿԲ-ն այսօրվանից բրոքերներին արգելում է արժեթղթերի վաճառքի գործարքներ իրականացնել ոչ ռեզիդենտների՝ օտարերկրյա խաղացողների հանձնարարությամբ։

Միաժամանակ, բանկը մի շարք մեղմացումներ է կիրառել մինչև 2022 դեկտեմերի 31-ի պահուստների մասով։ ԿԲ-ն խորհուրդ է տվել բանկերին տուգանքներ չգանձել վարկերի համար, եթե վարկառուի ֆինանսական վիճակը վատթարացել է պատժամիջոցների հետևանքով։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել