Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է Ռուսաստանի միջուկային ուժերը մարտական բարձր պատրաստականության բերել՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունն Ուկրաինայում կատարվող իրադարձություններից: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
Նրա պնդմամբ՝ Պուտինը փորձում է «աշխարհին հիշեցնել», որ զսպիչ ուժեր ունի։ Սակայն Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման հարցում «հետ է ընկել ժամանակացույցից», իսկ ուկրաինացիները «ողջ ուժով դիմադրում են»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ միջուկային զենքի մասին, չի նշանակում, որ Ռուսաստանը մտադիր է կիրառել այն։ Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան նույնպես միջուկային տերություն է և նշել․ «Նախագահ Պուտինը պետք է իմանա, որ միջուկային զենքի հետ կապված ցանկացած բան համարժեք կամ ավելի մեծ պատասխանի է արժանանալու Արևմուտքի կողմից»։
Ուոլեսն ընդգծել է, որ իրենք ոչինչ չեն անելու այս հարցում սրացում թույլ տալու համար։
«Մենք սխալներ թույլ չենք տալու։ Այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում»,- ասել է նա։
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ռուսական բանակի միջուկային ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։ Միջազգային հանրությունը դատապարտել էր նրա այս քայլը․ ԱՄՆ-ն այն անվանել էր «անընդունելի սրացում», իսկ ԵՄ-ն ավելի ուշ հայտարարել էր Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցների կիրառման մասին։
Նորա Վանյան
comment.count (0)