Հրադադար և ռուսական բոլոր զորքերի դուրսբերում․ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը ՝ բանակցություններում իրենց պայմանների վերաբերյալ
17:50 - 28 փետրվարի, 2022

Հրադադար և ռուսական բոլոր զորքերի դուրսբերում․ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը ՝ բանակցություններում իրենց պայմանների վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը «Նաստոյաշչեե վրեմյայի» ուղիղ եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի պայմանները Ռուսաստանի հետ բանակցություններում պարզ են․ հրադադար և բոլոր ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից։

Նրա խոսքով՝ միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում, քանի դեռ կողմերը համատեղ հայտարարություն չեն արել»։ «Եկեք չխախտենք [այն]», - հավելել է նա։

Ալեքսեյ Արեստովիչը նշել է, որ Ուկրաինայի պայմանները հասակնալի են․ հրադադարի հաստատում և բոլոր ռուսական զորքերի դուրսբերում։

Հաղորդավարի ճշտող հարցին, թե արդյոք խոսքը գնում է նաև Դոնբասի մասին, Արեստովիչն ասել է․ «Դոնբասի և Ղրիմի մասին։ Բոլոր զորքերի մասին, որոնք Ուկրաինայի տարածքում են»։

Բանակցությունների արդյունքների մասին հարցին պատասխանելիս նա ընդգծել է, որ դրանք բանակցություններ չէր անվանի։ Նրա խոսքով՝ Կիևը դրանք անվանում է «խորհրդակցություններ»։ «Բանակցություններին դեռ շատ կա։ Կարծում եմ՝ սա առաջին փորձն է։ Բայց հուսով ենք, որ ողջամտությունը կհաղթի»։

Բելառուսական Գոմել քաղաքում մեկնարկել են բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Դրանք վարվում են առանց նախապայմանների, մարտական գործողությունները շարունակվում են։

«Բանակցությունների առանցքային հարցն անհապաղ հրարադար հաստատելն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից», - ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Ուկրաինական պատվիրակության մասնակիցներից մեկը՝ «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Դավիթ Արախամիան ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր, որ կամ բանակցություններն ընթանալու են Ուկրաինայի ուզած ուղղությամբ, կամ կավարտվեն անարդյունք։ «Պետք է լսել նրանց և հանգիստ կշռադատել բոլոր առաջարկներն ու դրանց ազդեցությունը երկրի և քաղաքացիների շահերի վրա», – հստակեցրել էր նա։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ հույս ունի, «որքան հնարավոր է շուտ», պայմանավորվածության գալ։ Սակայն ռուսական կողմի պահանջները չեն նշվում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել