Ղազախստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում ընդհանուր լեզու գտնել հակամարտության կարգավորման համար և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալու որպես միջնորդ, գրում է ТАСС-ը։ Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Մեր դիրքորոշումը պետք է բխի մեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման ծայրահեղ անհրաժեշտությունից։ Որպես երկիր, որը 2010 թ-ին ընդունել է ԵԱՀԿ գագաթաժողովը, մենք ընդգծում ենք եվրասիական անվտանգության անքակտելիության սկզբունքի կարևորությունը։ Այս մասին ես հայտարարել եմ փետրվարի 10-ին՝ Մոսկվա կատարած այցիս ընթացքում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նման սկզբունքը ենթադրում է փոխըմբռնում փոխադարձ վստահության հիման վրա։
«Ցավոք, նման բան տեղի չունեցավ։ Մինսկի համաձայնագրերը թղթի վրա մնացին, ինչը հանգեցրեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների։ Մենք երկու պետություններին կոչ ենք անում ընդհանուր լեզու գտնել բանակցությունների սեղանի շուրջ, պայմանավորվածության և համաձայնության գալ։ Ղազախստանն, իր հերթին, պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ միջնորդական ծառայություններ, եթե կարիքը լինի», - նշել է պետության ղեկավարը։
Տոկաևը նաև հիշեցրել է, որ արդեն մի շարք աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Անվտանգության խորհրդում և հստակ խնդիրներ դրել կառավարության առջև, որոնք վերաբերում են Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանն աննախադեպ պատժամիջոցային իրավիճակում։
«Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի դիմակայելու պատժամիջոցային մարտահրավերներին՝ ճգնաժամային իրավիճակում անխափան աշխատանք ապահովելու համար։ Կարծում եմ՝ մենք բոլորս միասին կհաղթահարենք հնարավոր դժվարություններն ու մարտահրավերները։ Դրանց բարդությունը չի կարելի թերագնահատել, բայց գերագնահատել նույնպես պետք չէ»,- նշել է Ղազախստանի նախագահը։
Նորա Վանյան
comment.count (0)