armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններով։
Այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների հարցում՝ հաշվի առնելով այն, որ ճգնաժամը խորանում է և երկար չի կարելի խուսափել դիրքորոշում արտահայտելուց։
«Հայաստանը, բնականաբար, խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Պատերազմի արհավիրքի հետևանքները մեր մաշկի վրա զգալով, բնականաբար, կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Ցանկացած պատերազմ ունենում է շատ ցավալի հետևանքներ և Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից։
Իհարկե, այս իրավիճակը մտահոգիչ է և, Հայաստանի Հանրապետությունը լինելով միջազգային հանրության անդամ և ունենալով որոշակի դիրքորոշում, բացի դրանից նաև մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով։ Բնականաբար, շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին և ՀՀ-ն ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման պատճառով»,- ասաց Աղաջանյանը։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի համար ամենացանկալի զարգացումը կլինի օր առաջ և ժամ առաջ ռազմական գործողությունների դադարեցումը և անցումը դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը։
«Բայց սրանք հարցեր են, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս են և միակ բանը, որ մեզ մնում է այս պահին, մեր տարածաշրջանում լավագույնս գնահատել ռիսկերը և ըստ այդմ շարժվել առաջ»,- եզրափակեց Աղաջանայանը։
comment.count (0)