Ռուսական «Սբերբանկը» հայտարարել է եվրոպական շուկան լքելու մասին, ասված է վարկային կազմակերպության հայտարարությունում, որը մեջբերում է ТАСС-ը։
«Առկա պայմաններում «Սբերբանկը» որոշում է կայացրել լքել եվրոպական շուկան։ Խմբի դուստր բանկերը բախվել են դրամական միջոցների աննախադեպ արտահոսքի և աշխատակիցների ու մասնաճյուղերի անվտանգության սպառնալիքների», - հաղորդել է բանկը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի կարգադրագրի համաձայն՝ Ռուսաստանի «Սբերբանկը» չի կարողանա լիկվիդայնություն ապահովել եվրոպական դուստր բանկերում։
«Սակայն «Սբերբանկի» դուստր բանկերը կապիտալի և ակտիվների բարձր մակարդակ ունեն, հաճախորդների ավանդներն ապահովագրված են՝ տեղական օրենսդրության համաձայն։ Բանկի ակտիվները բավարար են՝ բոլոր ավանդատուների գումարները վճարելու համար», - նշել է բանկը։
Այսօր ավելի վաղ Ավստրիայի ֆինանսական կարգավորիչն արգելել էր Sberbank Europe AG-ի՝ «Սբերբանկի» դուստր ձեռնարկության առևտրային գործունեությունը։ Իսկ այս շաբաթվա սկզբին Չեխիայի Ազգային բանկը Sberbank CZ-ի («Սբերբանկի» դուստր բանկ) հավաստագիրը հետ կանչելու գործընթաց էր սկսել։
Միաժամանակ, «Սբերբանկը» կարողացել էր փետրվարի 28-ին վաճառել Sberbank Srbija-ն սերբական AIK Banka բանկին։
Նշենք, որ Sberbank Europe AG-ը բանկային խումբ է, որի կազմում ներառված են «Սբերբանկ» խմբի ակտիվներն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում։ Sberbank Europe-ը ներկայացված էր եվրոպական ութ շուկաներում՝ Ավստրիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում (Սարաևո և Բանյա Լուկա), Խորվաթիայում, Չեխիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Սերբիայում և Գերմանիայում։
Նորա Վանյան
comment.count (0)