Ինչպե՞ս է ազդում ռուս-ուկրաինական հակամարտությունը համաշխարհային տնտեսության վրա․ «The New York Times»-ի անդրադարձը
16:17 - 02 մարտի, 2022

Ինչպե՞ս է ազդում ռուս-ուկրաինական հակամարտությունը համաշխարհային տնտեսության վրա․ «The New York Times»-ի անդրադարձը

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականն անդրադարձել է համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությանը։ Ստորև ներկայացնում ենք պարբերականի հոդվածագիր Պատրիշա Կոենի հոդվածը։

«Ընդամենը մի քանի օրում համաշխարհային տնտեսության հեռանկարները վատթարացել են Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի տնտեսությունը ցնցած աննախադեպ ֆինանսական պատժամիջոցների ֆոնին, որոնք սպառնում են էլ ավելի բարձրացնել վառելիքի համաշխարհային գները։

Երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, նավթի, բնական գազի և այլ ապրանքների գները կտրուկ բարձրացել են։ Միաժամանակ, մատակարարման ցանցերի ծանրաբեռնվածությունը, որը գոյացել էր համավարակի հետևանքով, աճել է, քանի որ ԱՄՆ-ն, Եվրոպան ու նրանց դաշնակիցները «ձգել են պտուտակները» Ռուսաստանի ֆինանսական գործարքների համար և սառեցրել նրա Կենտրոնական բանկի՝ արտասահմանում պահվող միլիարդավոր դոլարների ակտիվները։

Ռուսաստանը երկար ժամանակ համեմատաբար փոքր խաղացող է եղել համաշխարհային տնտեսությունում՝ հաշվի առնելով 1,7%-ի մասնաբաժինը համաշխարհային արտադրության ընհանուր ծավալում՝ չնայած նրա էներգակիրների արտահանման հսկայական ծավալին։ Վերջին տարիներին Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինը ավելի հեռուն է գնացել երկիրը մեկուսացնելու հարցում՝ ստեղծելով արտարժութային պահուստների «պահեստ», նվազեցնելով պետական պարտքը և անգամ արգելելով պանրի և այլ սննդամթերքի ներկրումը Եվրոպայից։

Սակայն, մինչ նախագահ Պուտինն անտեսում է մի շարք միջազգային նորմեր, նա չի կարող անտեսել ժամանակակից հսկայական ֆինանսական համակարգը, որը գլխավորապես վերահսկում են նրա երկրի սահմաններից դուրս գտնվող կառավարություններն ու բանկերը։ Այսպես է կարծում Ատլանտյան խորհրդի պետական տնտեսական կառավարման բաժնի տնօրեն Ջուլյա Ֆրիդլենդերը։

«Եվ այժմ սա պայքար է ֆինանսական և ռազմական հնարավորությունների միջև՝ փոշիացնելու պատերազմ մղելու ռեսուրսները»,- նշում է նա։

Ուկրաինա ներխուժումն ու Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները հսկայական անորոշություն և անկայունություն են առաջացնում տնտեսական որոշումների կայացման հարցում։

Պատժամիջոցները մշակվել են այնպես, որ հնարավոր լինի խուսափել անհրաժեշտ այն էներգակիրներների արտահանման խաթարումից, որոնցով Եվրոպան ջեռուցում է տները, գործարաններ աշխատեցնում և մեքենաները լիցքավորում։ Սա օգնել է մեղմել, բայց ոչ կանխել էներգակիրների գների կտրուկ աճը, որը պայմանավորված է պատերազմով և նավթի ու գազի մատակարարման խափանումների վերաբերյալ տագնապով։

Պակասուրդի վերաբերյալ անհանգստությունը հանգեցրել է նաև հացահատիկի և մետաղների գների բարձրացման, ինչը հղի է սպառողների և ձեռնարկությունների համար ծախսերի ավելացմամբ։ Ռուսաստանը և Ուկրաինան նաև խոշոր արտահանողներն են ցորենի և եգիպտացորենի, ինչպես նաև կարևոր մետղաների՝ պալադիումի, ալյումինիումի և նիկելի, որոնք կիրառվում են ամենուր, մասնավորապես՝ բջջային հեռախոսների և ավտոմեքենաների արտադրությունում։

Սպասվում է նաև տրանսպորտային ծախսերի կտրուկ բարձրացում։

«Մենք ականատես ենք լինելու ծովային և ավիափոխադրումների գների աճի»,- ասում է «FourKites» ընկերության ցանցային համագործակցության բաժնի գլխավոր մենեջեր Գլեն Քեփքին։ Նա զգուշացնում է, որ ծովային փոխադրումների գները կարող են կրկնապատկվել կամ եռապատկվել՝ մեկ կոնտեյների դիմաց 10 հազար դոլարից հասնելով 30 հազար դոլարի, իսկ ավիափոխադրումների գներն էլ ավելի բարձր կլինեն, կսրվի ապրանքների պակասի խնդիրը։

Հոդվածագիրը նշում է, որ երկուշաբթի Ուոլ-սթրիթի որոշ վերլուծաբաններ և տնտեսաբաններ խոստովանել են, որ թերագնահատել են Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման և միջազգային արձագանքի մասշտաբները։ Միացյալ Նահանգներում արդեն անհանգստություն է առաջացրել արժեզրկումը, որն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել 1980-ականներից ի վեր։

«Դաշնային պահուստների համակարգը դժվարին կացության մեջ է, արժեզրկումը կազմում է 7,5%, բայց նրանք գիտակցում են, որ տոկոսադրույքների բարձրացման դեպքում [ֆինանսական] շուկաներում կտրուկ անկում կգրանցվի»,- կարծում է Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի ավագ գիաշխատող Դեսմոնդ Լաքմանը։

Նավթի գինն ամենաբարձրն է՝ 2014 թ-ից ի վեր, և այն շարունակում է աճել՝ հակամարտության սրացմանը զուգահեռ։ Իսկ գազի գների աճը (գազի գրեթե 40%-ը Եվրոպան ներկրում է Ռուսաստանից) կհանգեցնi ջեռուցման համար ծախսվող գումարների ավելացման»։

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել