Բանակցել և պայմանավորվել ենք Ուկրաինային արևմտյան կողմից սահմանակից բոլոր երկրների հետ․ դիվանագետները կաջակցեն սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին. Միրզոյան
17:42 - 02 մարտի, 2022

Բանակցել և պայմանավորվել ենք Ուկրաինային արևմտյան կողմից սահմանակից բոլոր երկրների հետ․ դիվանագետները կաջակցեն սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին. Միրզոյան

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո, իհարկե, մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց: Ընդ որում` հայրենակիցներ ասելով՝ ի նկատի ունենք և ՀՀ քաղաքացիներին, և այլ երկրների քաղաքացիների: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։ 

Միրզոյանը տեղեկացրեց, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ամբողջ կազմով։ Նրա խոսքով՝ Կիևի դեսպանատունը եզակիներից է, որ շարունակում է մնալ Կիևում և օգտակար լինել քաղաքացիներին։ Միրզոյանը հավելեց, որ մինչ այս պահը 1500-ից ավելի զանգեր են ստացվել։

«Իհարկե, այս մեծ քանակի դեպքում կլինեն  քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել և չի ստացվել։ Դրա համար ԱԳՆ-ում թեժ գիծ է սահմանվել, նաև էլեկտրոնային փոստի միջոցով և հեռախոսի միջոցով, և եթե չի լինում, մեր աշխատակիցները հետ են զանգում այդ քաղաքացիներին և տրամադրում խորհրդատվություն։ Մենք նաև պայմանավորվել ենք արևմտյան կողմից Ուկրաինայի սահմանակից պետությունների հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Մոլդովա,  Ռումինիա, և նույնիսկ Հունգարիա։ Հունգարիայի հետ մեր դիվանագիտականա հարաբերությունները կասեցված են, բայց պետք է անկեղծորեն ասեմ, ի պատիվ իրենց, որ ամեն ինչ անում են աջակցելու համար։ Այնտեղ, որտեղ ունենք դեսպանություններ, մայրաքաղաքներից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ, որտեղ չունենք, օրինակ, Հունգարիայում, առանձին դիվանագետ է գործուղվել, Մոլդովա առանձին դիվանագետ է գործուղվել, այս բոլոր դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, կազմակերպել խորհրդատվություն տրամադրել, աջակցել, կազմակերպել նրանց վերադարձը»։

Մինասյանի հարցին, թե աջակցությունը միայն խորհրդատվության տեսքո՞վ է լինում, թե՞ նաև նյութական, տեղափոխման հետ կապված, ԱԳ նախարարը պատասխանեց, որ խնդիրները տարբեր են․ «Քաղաքացիներ կան, որոնք չեն կարողացել վերցնել փաստաթղթերը կամ որևէ այլ պատճառով չունեն անձը հաստատող փաստաթղթեր: Քաղաքացիներ կան, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով: Տարբեր են խնդիրները և նաև լուծումները: Կարող ենք ենթադրել, որ պայմանական մի քանի հարյուր հազար հայրենակից, եթե շարունակում ենք համարել, որ Ուկրաինայում ունենք, նրանց բոլորի տեղափոխությունը ՀՀ-ն այս պահին կդժվարանա իր վրա վերցնել: Բայց խնդիրները և լուծումները տարբեր են»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել