ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ արեւմտյան պատժամիջոցները Եվրոպայում դժվարությունների են հանգեցնում․ եվրահանձնակատար
02:19 - 03 մարտի, 2022

ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ արեւմտյան պատժամիջոցները Եվրոպայում դժվարությունների են հանգեցնում․ եվրահանձնակատար

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ-ի ու Բելառուսի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները Եվրոպայում դժվարությունների եւ փոփոխությունների են հանգեցնում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում «գլխավոր գործիքը պատժամիջոցներն են, որոնք պետք է շատ ցավոտ լինեն, որպեսզի ագրեսիան ամբողջությամբ ոչ շահավետ դարձնեն»։ 

«Դրանք [պատժամիջոցները], իհարկե, կհանգեցնեն դժվարությունների եւ կփոխեն իրավիճակը Եվրոպայում»,- խոստովանել է Վոյցեխովսկին։

Ինչպես նշել է եվրահանձնակատարը՝ «պատերազմի ժամանակ նորմալ առեւտուրն անհնարին է դառնում»։ Ռուսաստանին ու Բելառուսին, որոնք ենթարկված են պատժամիջոցների, և Ուկրաինային բաժին է ընկնում 10,5 միլիարդ եվրո արտահանում և գրեթե 8 միլիարդ եվրո ներմուծում՝ Եվրամիության հետ առևտրում:

Վոյցեխովսկու խոսքով՝ այդ շուկաների կորուստը մեծապես առնչվում է Գերմանիային, Նիդերլանդներին եւ Լեհաստանին. «Յուրաքանչյուրը՝ մինչեւ 1,5 մլրդ եվրո»,- նշել է նա։ «Բայց դա շատ ցավոտ է նաեւ հարեւան երկրների համար։ Լիտվան, Լատվիան, Էստոնիան իրենց արտահանման զգալի մասն ուղարկել են արեւելյան շուկաներ»,- հավելել է եվրահանձնակատարը։

Վոյցեխովսկին նաեւ նշել է, որ Ուկրաինան հանդիսանում է կերային մշակաբույսերի, եգիպտացորենի, ցորենի, ձեթի սերմերի կարեւոր մատակարար․ «Այս ներմուծման դադարեցումն առաջին հերթին հարված է հասցնում ԵՄ-ի անասնաբուծական ոլորտին»,- ասել է նա։

«Սա բարդ իրադրություն է, եւ մենք պետք է դրան արձագանքնենք։ Եվրահանձնաժողովը վերլուծում է իրավիճակը»,- ամփոփել է եվրահանձնակատարը՝ հաղորդելով, որ պատասխանների մի մասը կներկայացվի այս ամսվա ութին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել