Կինոյից մինչև ավիացիա․ ո՞ր ընկերություններն են լքել Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր
15:54 - 03 մարտի, 2022

Կինոյից մինչև ավիացիա․ ո՞ր ընկերություններն են լքել Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր

Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժումից գրեթե անմիջապես հետո արևմտյան ընկերությունները սկսեցին զանգվածաբար դադարեցնել աշխատանքը ռուսաստանցի հաճախորդների հետ կամ դուրս գալ համատեղ բիզնեսներից։ Ոմանք դա անում են պատժամիջոցների կամ բիզնեսի վարման դժվարությունների պատճառով, մյուսներն ուղղակիորեն հայտարարում են, որ պատրաստ չեն աշխատել պատերազմ վարող երկրի հետ։ BBC-ն հավաքել է խոշոր ընկերությունների ցանկը, որոնք հրաժարվել են ռուսական շուկայից վերջին մի քանի օրում։

 

Ավիացիա

Ամերիկյան և եվրոպական ավիացիոն հսկաներ Boeing-ն ու Airbus-ը հայտարարել են, որ կասեցնում են տեխնիկական աջակցությունը ռուսական ավիաընկերություններին՝ փետրվարի 26-ին ռուսական ավիացիոն ոլորտի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցների շրջանակում։

Boeing-ը հայտարարել է Ռուսաստանում հիմնական գործարքների կասեցման և Կիևում գրասենյակը ժամանակավորապես փակելու մասին։ «Մենք նաև դադարել ենք ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար պահեստամասերի մատակարարումը, տեխնիկական աջակցությունն ու սպասարկումը», - ասված է ընկերության հայտարարությունում։

Դրանից անմիջապես հետո Airbus-ը հաղորդել է, որ դադարում է պահեստամասեր ուղարկել Ռուսաստան և սպասարկման ծառայություններ մատուցել ռուսական ավիաընկերություններին։

«Airbus-ի ինժեներական կենտրոնը Ռուսաստանում կասեցրել է բոլոր աշխատանքներն Airbus-ի համար՝ պաժամիջոցներին համապատասխան», - ասված է ընկերության հայտարարությունում։

Ավելի վաղ համաշխարհային առևտրային ավիացիային լիզինգ տրամադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ AerCap-ը, նույնպես հայտարարել էր ռուսական ավիաընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Նրա հաճախորդների թվում են S7, «Աերոֆլոտ» և «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունները։

 

Էլեկտրոնիկա

Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է, որ սահմանափակումներ է մտցնում ռուսաստանյան տարածաշրջանի համար, մասնավորապես, խոսքը գնում է Apple-ի առցանց խանութներում բոլոր գաջեթների վաճառքի դադարեցման մասին։

«Մենք դադարեցրել ենք մեր բոլոր ապրանքների վաճառքը Ռուսաստանում։ Նախորդ շաբաթ կասեցրել ենք արտահանումն այդ երկրում մեր ներկայացուցչություններ։ Apple Pay-ի և մյուս ծառայությունների օգտագործումը սահմանափակվել է։ RT News և Sputnik News հավելվածներն այլևս հնարավոր չէ ներբեռնել App Store-ից Ռուսաստանի սահմաններից դուրս», - հաղորդել է ընկերությունը։

Ռուսաստանում Apple-ի վաճառքներով զբաղվող re:Store ընկերությունը մարտի 2-ին փակել է իր խանութները Մոսկվայում։ Ավելի ուշ նրա ներկայացուցիչը «Պոդյոմ» պարբերականին հայտնել էր, որ վաճառակետերի փակման մասին որոշումը ժամանակավոր էր» և «կապված էր շուկայում ընթացիկ իրավիճակը գնահատելու անհրաժեշտության հետ»։

 

Nokia

Սմարթֆոններ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը որոշել է դադարեցնել սարքավորումների մատակարարումը Ռուսաստան պատժամիջոցների պատճառով։ «Սա բարդ իրավիճակ է, որն արագ զարգանում է, և մենք շարունակում ենք գնահատել այն», - հաղորդել է ընկերությունը մարտի 2-ին։

Նման որոշում է կայացրել նաև Siemens ընկերությունը, որը դադարեցրել է նաև Ռուսաստանում բոլոր նոր նախագծերի հետ աշխատանքը։

 

Հագուստ

Nike-ը՝ մարզական ապրանքների ամերիկյան խոշորագույն ընկերությունը, դադարել է ապրանք վաճառել ռուսաստանյան կայքում և հավելվածում։ Մարտի 1-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ դա կապված է առաքման դժվարությունների հետ․ «Ներկա պահին Nike ընկերությունը չի կարող երաշխավորել ապրանքների առաքումը Ռուսաստանի իր հաճախորդներին»։

Հագուստի, կոշիկի, աքսեսուարների և կոսմետիկայի բրիտանական ASOS առցանց խանութը նույնպես դադարեցրել է առաքումները Ռուսաստան։ Սակայն պաշտոնական հայտարարություն ընկերությունը դեռ չի արել։

 

Ավտոմեքենաներ

Ռուսական շուկան լքելու մասին է հայտարարել ավտոմեքենա արտադրող մի քանի խոշորագույն ընկերություն, այդ թվում՝ BMW-ն ու Ford-ը։

Ford Motor Company ընկերությունը հաղորդել է, որ դադարեցնում է իր ողջ աշխատանքը Ռուսաստանում, այդ թվում՝ «Սոլերս Ավտո» խմբի հետ համատեղ ձեռնարկությունը։

«Ford-ը խորապես անհանգստացած է Ուկրաինա ներխուժմամբ և այդ առնչությամբ խաղաղության և կայունության սպառնալիքներով։ Իրավիճակը մեզ ստիպել է վերանայել գործունեությունը Ռուսաստանում», - ասված է ընկերության հայտարարությունում։

Գերմանական BMW կոնցեռնն, իր հերթին, հաղորդել է Կալինինգրադի «Ավտոտորում» իր ավտոմեքենաների հավաքման ու ռուսական շուկային ավտոմեքենաների մատակարարման դադարեցման մասին։ Սակայն ընկերությունը կշարունակի իր հաճախորդների ավտոմեքենաների սպասարկումը։

Ռուսաստանում աշխատանքի կասեցման մասին են հայտնել նաև այլ ընկերություններ, մասնավորապես՝ Daimler-ը, Volvo-ն, Jaguar-ն ու Land Rover-ը։

 

Նավթ

Արևմտյան նավթային հսկաները նույնպես լքում են Ռուսաստանը։ Մարտի 2-ին ExxonMobil ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ դուրս է գալիս «Սախալին-1» ռուսական նավթագազային նախագծից։

«ExxonMobil-ը սատարում է Ուկրաինայի ժողովրդին իր ազատությունը պաշտպանելու և որպես ազգ իր ապագան կերտելու ձգտման մեջ։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական գործողությունները, որոնք խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու վտանգում նրա ժողովրդին», - հաղորդում է ընկերությունը։

Ավելի վաղ մեկ այլ նավթային հսկա Shell-ը հայտարարել էր, որ դուրս է գալու «Գազպրոմի» հետ բոլոր համատեղ նախագծերից, այդ թվում՝ «Սախալին-2»-ից։

Եվս մեկ նավթային խոշորագույն ընկերություն՝ բրիտանական BP-ին, փետրվարի 27-ին հայտարարել էր «Ռոսնեֆտի» բաժնետերերի կազմից դուրս գալուս մասին։ Նրան է պատկանում բաժնետոմսերի 19,75%-ը։

 

Ֆիլմեր

Ռուսական կինոթատրոններն Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով կմնան առանց հոլիվուդյան ֆիլմերի․ խոշորագույն հոլիվուդյան ստուդիաները որոշել են չեղարկել իրենց նոր ֆիլմերի պրեմիերաները ռուսական կինոթատրոններում։

Այդ մասին առաջինը հայտարարել է Warner Bros.-ը․ նա չեղարկել է Քրիստիան Բեյլի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի ցուցադրությունը պրեմիերայից երեք օր առաջ։

Այնուհետև իրենց ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում չեղարկելու մասին են հայտարարել Paramount, Sony և Walt Disney Company ընկերությունները։

«Այն պահին, երբ ականատես ենք լինում Ուկրաինայում շարունակվող ողբերգությանը, մենք որոշել ենք չեղարկել մեր ֆիլմերի պրեմիերաները Ռուսաստանում՝ ներառյալ «Կորուսյալ քաղաք» և «Սոնիկ-2» ֆիլմերինը», - ասված է Paramount-ի հայտարարությունում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել