Հնդկաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ շարունակում են մնալ Խարկովում։ Այս մասին բրիֆինգի ժամանակ հաղորդել է Հնդկաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Արինդամ Բագչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր գնահատմամբ, մեր մի քանի հարյուր քաղաքացիներ դեռեւս մնում են Խարկովում։ Մեր գլխավոր խնդիրը՝ անվտանգ դուրս բերել ուսանողներին ցանկացած հասանելի տրանսպորտով»,- ասել է Բագչին։
Նրա խոսքով՝ հնդկական կողմը կապի մեջ է ինչպես ռուսական կողմի հետ, այնպես էլ ուկրաինական՝ Խարկովից եւ Սումից իր քաղաքացիներին հնարավոր տարբերակներով տարհանելու հարցով։ «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին Խարկովում, Սումում, ուկրաինական արեւելյան այլ քաղաքներում։ Մեր դեսպանության երեկվա հաղորդագրությունից հետո ուսանողների մեծ մասը լքել է Խարկովը եւ այս պահին գտնվում է Պեսոչին գյուղում։ Այնտեղ նրանք մոտ հազարն են»,- հայտնել է նա։
Չորեքշաբթի Ուկրաինայում Հնդկաստանի դեսպանատունը Խարկովում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել անհապաղ լքել քաղաքն ու ուղեւորվել Պեսոչին, Բաբաի եւ Բեզլյուդովկա գյուղեր՝ «որքան հնարավոր է՝ շուտ»։
Բագչիի խոսքերով՝ ճգնաժամից առաջ Ուկրաինայում 20 հազար հնդիկ քաղաքացիներ են եղել։ Նա նշել է, որ նրանցից 18 հազարը հասցրել են գնալ ուկրաինական տարածքից իրենց հայրենիք կամ Ուկրաինայի հարեւան երկրներ։
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրու Մոդիին հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել էր, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, որպեսզի Հնդկաստանի քաղաքացիներն անվտանգ լքեն Ուկրաինայի տարածքը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Պուտինն ընդգծել է, որ տրվել են անհրաժեշտ բոլոր հանձնարարականները, եւ ռուս զինվորականներն անում են ամեն հնարավորը՝ ռազմական գործողությունների գոտուց Հնդկաստանի քաղաքացիներին անվտանգ հեռացնելու եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»։
comment.count (0)