Բելառուսի Բելովեժյան թավուտում տեղի ունեցող բանակցությունները ավարտվել են։ Ռուսական և ուկրաինական կողմերի ներկայացուցիչները հայտնել են որոշ կետերի շուրջ փոխըմբնման հասնելու մասին։
«Մենք մանրամասն քննարկել ենք հարցերի երեք խումբ՝ ռազմական խնդիր, միջազգային-հումանիտար և հակամարտության ապագա քաղաքական կարգավորման հարցեր»,- հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ դիրքորոշումները միանգամայն պարզ են, կետ առ կետ գրված են։
«Նրանցից մի քանիսի դեպքում հաջողվեց փոխըմբռնում գտնել, սակայն հիմնական խնդիրը, որն այսօր լուծվեց, ռազմական բախումների գոտում հայտնված մարդկանց դուրսբերման խնդիրն է։
ՌԴ ՊՆ և Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչները պայմանավորվել են խաղաղ բնակչության ելքի համար մարդասիրական միջանցքների պահպանման ռեժիմի, հումանիտար միջանցքի հատվածում ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին։
Կարծում եմ՝ սա էական առաջընթաց է» ,- հայտնել է Մեդինսկին։
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչներից Միխայիլ Պոդոլյակը իր հերթին հայտնել է բանակցությունների արդյունքնների մասին։
«Ավարտվեցին բանակցությունները և, ցավոք, մենք չստացանք այն արդյունքները, ինչ ակնկալում էինք և կշարունակենք երկխոսությունը բանակցությունների երրորդ փուլում՝ ամենամոտ ժամանակներս։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում՝ ժամանակավոր զինադադարի հնարավորության շուրջ՝ մարդասիրական միջանցքների կազմակերպման համար» ,- ասել է Պոդոլյակը։
comment.count (0)