ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը BBC-ին ասել է, որ համոզված է՝ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում: Բլինքենը զրուցել է BBC-ի դիվանագիտական թղթակից Ջեյմս Լանդեյլի հետ Բրյուսելում իր Եվրոպական միության գործընկերների հետ հանդիպումից հետո՝ Եվրոպա վեցօրյա այցի սկզբում:
Նա նշել է, որ չի կարող ասել, թե որքան կտևի հակամարտությունը՝ պնդելով, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։ Բլինքենը բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի «արտասովոր տոկունությունը»:
«Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկ ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ պատրաստ են այս կամ այն կերպ մերժելու դա»,- ընդգծել է նա:
Ըստ Բլինքենի՝ պատերազմի ընթացքն արդեն իսկ չի եղել այնպես, ինչպես կարող էր ծրագրած լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ «Ուկրաինական զորքերի կոշտ դիմադրությունը շարունակել է խոչընդոտել Ռուսաստանի առաջխաղացումը ողջ երկրում ներխուժման իններորդ օրը»։
Նա նաև ասել է, որ միջազգային հանրությունը հանձնառու է հնարավոր ամեն ինչ անելու, որ օգնի Ուկրաինային, ինչպես նաև «դաժան ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ վերջ դնելու այս ընտրովի պատերազմին, որը սկսել է Վլադիմիր Պուտինը»:
Հարցին, թե արդյո՞ք ինքը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել, Բլինքենը հայտնել է. «Ժամանակի ընթացքում, միանշանակ։ Ես չեմ կարող ձեզ ասել, թե որքան ժամանակ կշարունակվի դա: Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի: Բայց այն միտքը, որ Ռուսաստանը կարող է իր կամքին ենթարկեցնել 45 միլիոն մարդկանց, որոնք եռանդուն պայքարում են իրենց ապագայի և իրենց ազատության համար, չի նշանակում, որ Ռուսաստանը ամբողջովի վերահսկողություն է սահմանում Ուկրաինայի վրա»:
comment.count (0)