ԵՄ միջոցները չեն օգտագործվի Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «Journal du Dimanche» կիրակնօրյա թերթին տված հարցազրույցում։
Հարցին՝ արդյո՞ք Եվրամիությունը, զենք մատակարարելով Ուկրաինային, մտել է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, Շառլ Միշելը պատասխանել է․
«Եվրամիությունը բացարձակապես չի պատերազմում Ռուսաստանի հետ։ Պատերազմը սկսել է Ռուսաստանը ԵՄ-ին շատ մոտ բարեկամ երկրի՝ Ուկրաինայի դեմ։ Ահա թե ինչու մենք աջակցում ենք Ուկրաինային բոլոր մակարդակներում։ Ռուսաստանի հետ, չնայած այն ողբերգական իրավիճակին, որում մենք ապրում ենք, մենք բաց ենք պահել մեր հաղորդակցության բոլոր ուղիները, նույնիսկ եթե այն լինի դժվար, փխրուն և հիասթափեցնող: Միևնույն ժամանակ, լիարժեք թափանցիկության պայմաններում մենք հնարավորինս աջակցում ենք Ուկրաինայի տոկունությանը և դիմադրությանը։ Անցյալ շաբաթ օրը, երբ նախագահ Զելենսկին ԵՄ-ից ռազմական օգնություն խնդրեց, ես անմիջապես հայտնեցի Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել»։
«Մոբիլիզացվել է 500 միլիոն եվրո, 450-ը՝ մահաբեր սարքավորումների, 50 միլիոնը՝ ոչ մահաբեր նյութերի համար։ Առաջին անգամ մենք զբաղվում ենք մահաբեր զենքի մատակարարմամբ, սակայն այդ եվրոպական միջոցները նախատեսված չեն Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար: Մյուս կողմից՝ այս միջոցները գումարվում են որոշ անդամ երկրների կողմից ձեռնարկվող երկկողմ ջանքերին, որոնք արտացոլում են ռազմաօդային ուժերի օգտագործման հետ կապված սարքավորումների կամ պահեստամասերի մատակարարման վարկածը»,- ասել է Միշելը։
comment.count (0)