Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Կիևի հետ, եթե վերջինս կատարի Ռուսաստանի պահանջները։ «Պատրաստակամություն է արտահայտվել շարունակելու երկխոսությունը ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարման դեպքում», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Էմանուել Մակրոնն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի տարածքում ատոմակայանների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրերս Զապարոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար պատասխանատվությունը «ռուս զինվորականների վրա գցելը ցինիկ քարոզչական արշավի տարր է»։ «Ռուսական զորքերն անվտանգության ծառայության ուկրաինական ստորաբաժանման և անձնակազմի հետ միասին շարունակում են ապահովել ատոմակայանի նորմալ գործունեությունը, ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է։ Կայանի ֆիզիկական և միջուկային անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է», - ասված է հաղորդագրությունում
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումանիտար հարցերին։ Պուտինը Կիևին մեղադրել է մարտական գործողությունների շրջանից խաղաղ բնակչության տարհանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման համար։
«Ֆրանսիայի նախագահին առաջարկվել է կրկին ակտիվորեն աշխատել Կիևի իշխանության հետ՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման նպատակով», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
comment.count (0)