3500 դոլար՝ հազար կուբամետրի դիմաց․ գազի գները Եվրոպայում ռեկորդ են սահմանել
13:36 - 07 մարտի, 2022

3500 դոլար՝ հազար կուբամետրի դիմաց․ գազի գները Եվրոպայում ռեկորդ են սահմանել

Գազի գները Եվրոպայում թարմացրել են պատմական ռեկորդը՝ անցնելով 3500 դոլարը՝ հազար կուբամետրի դիմաց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լոնդոնյան ICE բորսայի տվյալները։

TTF ամենալիկվիդային հանգույցի ցուցիչով ապրիլյան ֆյուչերսների արժեքը վաճառքների բացման պահին կազմել է 2366,8 դոլար՝ հազար կուբամետրի դիմաց, մի քանի րոպե անց գերազանցել 2500 դոլարը, այնունետև հատել 2700 դոլարի սահմանը։

Եվրոպական գազային շուկան տատանումների մեջ է արդեն երկար ամիսներ։ Անցյալ տարվա գարնանը գները կազմում էին 250-300 դոլար՝ հազար կուբամետրի դիմաց, իսկ օգոստոսի վերջին՝ 600 դոլար, հոկտեմբերին հատել են 1000 դոլարը, իսկ դեկտեմբերին՝ 2000 դոլարը։ Այնուհետև թեթև նահանջ եղավ, սակայն գները կայուն բարձր էին, ինչը չի եղել Եվրոպայում գազային հանգույցների գործունեության ողջ պատմության ընթացքում։

Փորձագետները դա կապում էին եվրոպական ստորգետնյա պահեստների լցվածության ցածր մակարդակի, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակության և Ասիայում հեղուկ բնական գազի բարձր պահանջարկի հետ։

Փետրվարի սկզբին ֆյուչերսները տատանվում էին 800-1030 դոլարի սահմաններում, սակայն կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանը զորքեր մտցրեց Ուկրաինա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

հյուր 09:52 07.մարտի.2022

Կուբամետր չէ, խորանարդ մետր

Մեկնաբանել