Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
22:30 - 07 մարտի, 2022

Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Միացյալ Թագավորության վարչապետ Ջոնսոնը, Կանադայի վարչապետ Թրյուդոն և Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․

«Մենք՝ Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարներս սարսափած ենք Պուտինի՝ Ուկրաինա չհրահրված և դաժան ներխուժումից։ Սա սարսափելի հարձակում է ժողովրդավարական, ինքնիշխան եվրոպական ազգի վրա, ինչպես նաև միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության ներքո Ռուսաստանի պարտավորությունների ակնհայտ խախտում:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանին պահպանել իր պարտավորությունը՝ լիովին հարգելու միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների օրենքը, ինչպես նաև անհապաղ զինադադար իրականացնել, որը թույլ կտա իրականացնել անվտանգ անցում քաղաքացիական անձանց համար, ինչպես նաև սնունդ և բժշկական պարագաներ մատակարարել:

Մենք տեսել ենք խաղաղ բնակչության դեմ ուժի լայնածավալ և անխտիր կիրառում: Դա արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Մենք ջանք չենք խնայի՝ ապահովելու, որ Ուկրաինայում միջազգային իրավունքի խախտումները հետաքննվեն, ապացույցները հավաքվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան, Կանադան և Նիդեռլանդները միացան պատմության մեջ ամենախոշոր միջնորդությանը Միջազգային քրեական դատարան՝ հետաքննությունն արագացնելու համար: Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից հրատապ հետաքննության հանձնաժողովի ստեղծումը, որն ունի ուժեղ հետաքննական մանդատ: Մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ համագործակցություն և աջակցություն՝ աջակցելու ՄՔԴ դատախազին իր աշխատանքում։

Մենք նաև խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից ուժի կիրառումը Ուկրաինայի ատոմակայանների և այլ միջուկային օբյեկտների անմիջական հարևանությամբ և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները։

Մեծ Բրիտանիան, Կանադան և Նիդեռլանդները պաշտպանական սերտ գործընկերներ են, ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Անցած շաբաթների ընթացքում մեր երեք երկրները վճռորոշ դեր են խաղացել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը գլոբալ արձագանքի ամրապնդման գործում և յուրաքանչյուրը պարտավորվել է լրացուցիչ ուժեր տեղակայել՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության դիրքերը Արևելյան Եվրոպայում՝ ի պատասխան ռուսական ագրեսիայի:

Մենք մշտապես ընդգծել ենք  այս անօրինական ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի իրավունքը և պատասխանել ենք Ուկրաինայի՝ պաշտպանական ռազմական տեխնիկա տրամադրելու խնդրանքներին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքի կողքին և արձագանքել Ուկրաինայի՝ իր  պաշտպանությունն ուժեղացնելու կոչերին։ Մենք կշարունակենք դա անել և Ուկրաինային կներկայացնենք պաշտպանական աջակցության հետագա փաթեթներ։

Մինչ Ուկրաինայում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին շտապ դեէսկալացիայի ենթարկել և առաջնահերթություն տալ խաղաղ բնակչության պաշտպանությանը։

Ուկրաինայի, ՄԱԿ-ի և այլ մարդասիրական գործակալություններին, բժշկական անձնակազմին և ոչ կառավարական օգնություն տրամադրողներին պետք է ապահով, արագ և անարգել մուտք գործելու հնարավորություն տրվի։ 
Մարիուպոլի հրադադարի խախտումը մեծ մտահոգություն է առաջացրել։ 
Պատմության դասն այն է, որ նման հրադադարները գործելու համար պետք է լինեն հնարավորինս կոնկրետ:

Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդգծել կանանց, երեխաների, տարեցների և այլ խոցելի խմբերի վիճակը, որոնք փախչում են Ուկրաինայում բռնությունից:

Մենք ընդգծում ենք նրանց հատուկ պաշտպանության կարիքները լուծելու կարևորությունը։

Ուկրաինական ճգնաժամը լուծելու մեր հավաքական ջանքերը պետք է շարունակվեն՝ ուղղված առավել խոցելի խավերի կարիքներին»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել