Ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, և մեկ ուկրաինական տանկի դիմաց՝ 50 ռուսական տանկ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան ասել է, որ իրենց համար ամենակարևորն անվտանգությունն է երկնքում․ «Երեկ, օրինակ, հրթիռով հարված է եղել Խարկովում տեղակայված համալսարանի վրա։ Ես վստահ եմ, որ ամերիկացի խիզախ զինվորները, որոնք կհարվածեին այդ հրթիռներին՝ իմանալով, որ դրանք թռչում են ուսանողների վրա, կասկած չէին ունենա»։
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ թռիչքային գոտու ստեղծումը ԱՄՆ-ին կարող է ՌԴ-ի հետ պատերազմի մեջ ներքաշել, Զելենսկին նշեց․ «Բոլորը կարծում են, որ մենք հեռու ենք Ամերիկայից, Կանադայից։ Ո՛չ, մենք այս ազատության գոտում ենք, և երբ իրավունքներն ու ազատությունները խախտվում են, դուք պետք է պաշտպանեք մեզ»։
Լրագրողը, ներկայացնելով ՌԴ-ի՝ երեկ առաջ քաշած պայմանները՝ պատերազմը դադարեցնելու մասին (փոխել սահմանադրությունը, հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու մտքից, ճանաչել Ղրիմը՝ որպես ՌԴ մաս, ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները), հարց ուղղեց Զելենսկիին, թե ինչպես են պլանավորում արձագանքել, և որն է նրա ուղերձը Պուտինին հիմա։
Զելենսկին ասաց․ «Առաջին՝ ես պատրաստ եմ երկխոսության, մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ սա իմ մասին չէ, այլ մարդկանց մասին է, որոնք ընտրել են ինձ։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես հանգիստ եմ թողել այս թեման վաղուց, երբ մենք հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունելու Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական վիճակներից և ՌԴ-ի հետ կոնֆլիկտից»։
Զելենսկին նաև ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում լինել այն երկիրը, որը ծնկաչոք ինչ-որ բան է խնդրում, և ինքը չի պատրաստվում լինել այդ նախագահը։
Լրագրողի ճշտող հարցին՝ Ուկրաինայի արևելքի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ, Ուկրաինայի նախագահը պատասխանեց․ «Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Ինչ վերաբերում է թեմաներին` ժամանակավորապես օկուպացված տարածքների և պսևդոհանրապետությունների վերաբերյալ, որոնք չեն ճանաչվել ոչ մի պետության կողմից՝ բացի ՌԴ-ից, մենք կարող ենք քննարկել ու կոմպրոմիս գտնել, թե ինչպես են այդ տարածքները շարունակելու լինել։ Սակայն ինձ համար կարևոր է՝ ինչպես են ապրելու այդ տարածքներում գտնվող այն մարդիկ, որոնք ցանկանում են Ուկրաինայի մաս լինել․․․Հարցը ավելի բարդ է, քան պարզապես դրանց ճանաչումը։ Սա մեկ այլ ուլտիմատում է, մենք պատրաստ չենք ուլտիմատումների։ Անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը դադարի խոսել, սկսի բանակցել՝ առանց թթվածնի ինֆորմացիոն փուչիկի մեջ ապրելու փոխարեն։ Ես կարծում եմ՝ նա այդ փուչիկի մեջ է, և ոչ մեկը չգիտի՝ ինչ տեղեկություններ է նա ստանում, և որքանով են դրանք իրական»։
comment.count (0)