Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է Ռուսաստանից ածխի, նավթի ու գազի ամբողջական հրաժարման ծրագիր, ինչը պետք է իրականացվի մինչեւ 2030 թվականը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հրապարակած ծրագրում, որը ստացել է «REPower EU» անվանումը։
«Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է Եվրամիությունը ռուսական հանածո վառելիքից մինչեւ 2030 թվականն անկախ դարձնելու ծրագիր՝ սկսած գազից»,- ասված է փաստաթղթում։ Ընգծվում է, որ որոշումը կապ ունի Ուկրաինայի հակամարտության հետ։
ԵՀ-ն ԵՄ երկրներին առաջարկել է մինչեւ այս տարեվերջ 67%-ով նվազեցնել ռուսական գազից կախվածությունը։ Եվրահանձնաժողովի ծրագրում ընդգծված է, որ Եվրոպայում էներգակիրների գներն արդեն դարձել են «սուր, խորացող խնդիր»։
«Ծրագիրը մի շարք միջոցառումներ է ներառում՝ արձագանքնելու Եվրոպայում էներգիայի գնի աճին եւ մինչեւ եկող ձմեռ գազի պահեստները լցնելու համար։ Ծրագիրը նախատեսում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացում, արագ անցում գազի վերականգնվող տեսակների, գազի փոխարինում ջեռուցման եւ էներգիայի գեներացման համակարգերում։ Այս բոլոր միջոցառումները թույլ կտան մինչեւ այս տարվա ավարտը կրճատել ռուսական գազի պահանջարկը երկու երրորդով»։
Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ ապրիլ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, ըստ որի գազի ընդհատակյա պաշարները մինչեւ ամեն տարվա հոկտեմբերի 1-ը կլրացվեն առնվազն 90%-ով։ Առաջարկը կներառի պաշարների լրացման մշտադիտարկում եւ վերահսկում, նաեւ փոխադարձ աջակցության համաձայնություն։
comment.count (0)