Միացյալ Նահանգները մերժել է ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու անսպասելի առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
Պենտագոնից հայտնել են, որ ՆԱՏՕ տարածքից պատերազմի գոտի մարտական ինքնաթիռներ թռչելու հեռանկարը «լուրջ անհանգստություն է առաջացնում ողջ դաշինքի համար»։
«Մեզ համար պարզապես պարզ չէ, թե արդյոք դրա համար բովանդակային հիմնավորում կա։ Մենք կշարունակենք խորհրդակցել Լեհաստանի և ՆԱՏՕ մեր մյուս դաշնակիցների հետ այս հարցի և դրա լոգիստիկ մարտահրավերների շուրջ, բայց մենք չենք հավատում, որ Լեհաստանի առաջարկը հիմնավորված է»,- անդրադառնալով Լեհաստանի առաջարկին՝ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պատրաստ է իր «ՄիԳ-29» ինքնաթիռները տեղակայել Գերմանիայի «Ռամշտեյն» ավիաբազայում և դրանք թողնել ԱՄՆ տրամադրության տակ։ Լեհաստանը հորդորել էր նույնն անել դաշինքի մյուս անդամներին, որոնք ունեն նման այլ ինքնաթիռներ։
«Իմ տեղեկություններով մեզ հետ նախնական խորհրդակցություն չի եղել այն մասին, որ նրանք (Լեհաստանը- խմբ․) ծրագրել են մեզ տալ այդ ինքնաթիռները։ Այսպիսով, կարծում եմ, որ դա լեհերի կողմից անակնկալ քայլ էր»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը։
Լեհաստանն աջակցում է Ուկրաինային պաշտպանական զինատեսակներով, սակայն հայտարարել է, որ ինքնաթիռներ չի ուղարկի, քանի որ ոչ ՆԱՏՕ անդամ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության անմիջական կողմ չէ։
comment.count (0)