ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Ռուսաստանին ոչ բարեկամական երկրները, չարաշահելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքը ոչնչացնելու գիծը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել «կոլեկտիվ» Արևմուտքի կողմից իրականացվող գործողություններին․ «Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ականների և նրանց լուռ հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունը արևմտյան գերազանցության և ինքնասիրահարվածության հերթական հարթակի վերածելու գործընթացին։ Թող վայելեն միմյանց հետ շփումը առանց Ռուսաստանի»։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի» վերաբերյալ։ Հայտարարությունում նշված է․
«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության չհրահրված ագրեսիան՝ ընդդեմ Ուկրաինայի, Եվրոպայի խորհրդի անդամ մի պետության անհիմն ռազմական հարձակումը՝ ընդդեմ անդամ մեկ այլ պետության։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը կիրառել 2022 թվականի մարտի 1-ին և 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշած միջանկյալ միջոցները։ Կյանքի իրավունքը պետք է հարգվի և երաշխավորվի։ Այս առումով մենք կոչ ենք անում Ռուսաստանին զերծ մնալ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների դեմ ռազմական հարձակումներից, ապահովել բժշկական հաստատությունների, անձնակազմի և շտապօգնության մեքենաների անվտանգությունը, ապահովել, որ խաղաղ բնակչության համար հասանելի լինեն տարհանման անվտանգ ուղիները, առողջապահական ծառայությունները, սնունդը և անհրաժեշտ այլ մատակարարումները, ինչպես նաև ապահովել մարդասիրական օգնության արագ և անկաշկանդ փոխանցումն ու մարդասիրական աշխատանք իրականացնողների տեղաշարժը:
Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել իր ագրեսիան, վերադառնալ դիվանագիտության ուղի և լիովին հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին»։
comment.count (0)