Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այս գիշեր ԱԹՍ է ընկել, որն, ըստ ամենայնի, այդտեղ է հայտնվել Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտուց։ Պայթյունի ձայն է լսվել, սակայն ոչ ոք չի տուժել, գրում է ABC News-ը։
Խորվաթիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ «անօդաչու ռազմական օբյեկտը» Խորվաթիայի օդային տարածք է մտել հարևան Հունգարիայից 700 կմ/ժ արագությամբ 1300 մ բարձրության վրա։
Խորհուրդը հայտարարել է, որ պաշտոնական հետաքննություն կիրականացվի, ՆԱՏՕ-ն կիրազեկվի միջադեպի մասին։ Նշենք, որ Խորվաթիան ու Հունգարիան հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են։
Զագրեբի քաղաքապետ Տոմիսլավ Տոմաշևիչն ասել է, որ թռչող սարքի բեկորներն ընկած են մի քանի հատվածներում՝ հավելելով, որ իշխանությունը փորձում է պարզել միջադեպի հանգամանքները, և նախնական եզրակացությունների համաձայն՝ դա դժբախտ պատահար է։
«Ոչ ոք չի տուժել, և սա մեծ հաջողություն է։ Դա համեմատաբար մեծ օբյեկտ է, և ապշելու բան է, որ ոչ ոք չի տուժել», - ասել է Տոմաշևիչը։
Խորվաթիայի ոստիկանությունը հաղորդել է, որ դեպքի վայր է ժամանել Զագրեբի ծայրամասի բնակիչների զանգերից հետո։ Նրա խոսքով՝ հայտնաբերվել է մեծ փոս և երկու պարաշյուտ: Մերձակայքում կայանած մեքենաներից որոշները վնասվել են։
ABCnews-ի փոխանցմամբ՝ The War Zone առցանց ամսագրի ռազմական փորձագետները նշում են, որ ԱԹՍ-ն, հավանաբար, ՏՈւ-141 «Ստրիժ» խորհրդային հետախուզական ԱԹՍ է, որի միակ հայտնի գործող օեպատորն Ուկրաինան է։ Պարբերականը նշում է, որ ՏՈւ-141 ԱԹՍ-ներն ունեն պարաշյուտ՝ փափուկ վայրէջքի համար։
Նորա Վանյան
comment.count (0)