1lurer.am: ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներն արդեն պատրաստ են և շուտով կհրապարակվեն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Ցուցակները պատրաստ են, մենք դրանցով զբաղվում ենք։ Մեծ հաշվով, դա մեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: Շուտով դրանք կհրապարակվեն»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Արևմուտքը Ռուսաստանին տնտեսական պատերազմ է հայտարարել: «Արևմուտքի պատժամիջոցները կապված չեն հատուկ ռազմական գործողության հետ, նրանք այլ առիթներ կգտնեին իրականացնելու իրենց ընտրովի ծրագրերը»,- նշել է Ռյաբկովը։
Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն վարում: ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան մշտապես ընդգծել է, որ միակողմանի զիջումների չի գնա ռազմավարական կայունության հարցում, սակայն ԱՄՆ-ում դա չեն լսել:
Անդրադառնալով անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի առաջարկներին՝ Ռյաբկովը նշել է, որ դրանք այլևս հրատապ չեն, իրավիճակը լիովին փոխվել է: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տրամադրված է վերականգնելու ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ հայտնել է փոխարտգործնախարարը։
comment.count (0)