Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եկող շաբաթ կընդունի Ռուսաստանի հյուսիսարևմտյան հարևանների առաջնորդներին՝ քննարկելու ռուսական տնտեսության մեկուսացման նոր ուղիների որոնումն ու արձագանքը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժմանը, գրում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայի գլխավորած Միացյալ էքսպեդիցիոն ուժերի երկրների՝ Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի առաջնորդները կհանդիպեն Լոնդոնում եկող երեքշաբթի։
Սպասվում է, որ նրանք համաձայնության կգան Հյուսիսային Ատլանտիկայում և Բալթիկ ծովում զորավաժությունների անցկացման շուրջ, կքննարկեն պատերազմն Ուկրաինայում և էներգետիկ անվտանգության հարցեր, հաղորդել է Բորիս Ջոնսոնի գրասենյակը։
«Եվրոպական անվտանգությունը խաթարվել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով, և մեր գործընկերների հետ միասին մենք միջոցներ կձեռնարկենք՝ ավելի ուժեղ և միավորված դառնալու համար»,- ասված է Ջոնսոնի հայտարարությունում․ «Պուտինի սպառնալիքներին մեր տոկունության ապահովումը պետք է դուրս գա մեր ռազմական դիրքորոշման շրջանակից․ Հյուսիսային և Բալթիկ ծովերի երկրների հետ միասին մենք պետք է ապահովենք մեկուսացումը Ռուսաստանի միջամտությունից և մեր էներգամատակարարումների, տնտեսության և արժեքների վրա նրա ազդեցությունից»։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել հարյուրավոր ռուսաստանյան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, խոստացել աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից և իր ֆինանսական կենտրոնից օգտվելու սահմանափակումներ մտցրել ռուսական ընկերությունների համար։
Նորա Վանյան
comment.count (0)