Ավստրալիայի կառավարությունն հայտարարել է նոր պատժամիջոցների մասին 33 ռուս օլիգարխների, հայտնի գործարարների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս մասին նշվում է Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնի կայքում։
«Այսօր հայտարարված պատժամիջոցները ամրապնդում են Ավստրալիայի հանձնառությունը՝ սահմանափակումներ կիրառելու այն մարդկանց նկատմամբ, որոնք հսկայական անձնական հարստություն են կուտակել և Ռուսաստանի համար ունեն տնտեսական և ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերի արդյունքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ցուցակում են «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը, «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, «Տրանսնաֆթի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, Ռուսաստանի պետական զարգացման «VEB.RF» կորպորացիայի ղեկավար Իգոր Շուվալովը, ինչպես նաև Կիրիլ Դմիտրիևը՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավարը։:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Կանադայի, Եվրամիության, Նոր Զելանդիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների վերջին հայտարարություններին՝ ռուսաստանցի առանցքային անձանց դեմ հետագա սահմանափակող միջոցների վերաբերյալ:
Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր գործընկերների հետ՝ մեծ ծախսեր պարտադրելու Ռուսաստանին իր գործողությունների համար։
Ավստրալիայի կառավարությունը վերահաստատում է աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդին»,- ասվում է գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ։
Լուսանկարում՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը
comment.count (0)